Մատչելիության հղումներ

Վիեննայում կարող է ազդարարվել Իրանի միջուկային խնդրի լուծման մասին


Համաշխարհային վեց տերությունները և Իրանը բանակցում են Ավստրիայի մայրաքաղաքի Կոբուրգի պալատում, Վիեննա, 13 հուլիսի, 2015թ.
Համաշխարհային վեց տերությունները և Իրանը բանակցում են Ավստրիայի մայրաքաղաքի Կոբուրգի պալատում, Վիեննա, 13 հուլիսի, 2015թ.

Իրանի և միջազգային վեց տերությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետները Վիեննայում լարված աշխատում են Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի հարցը կարգավորելու ուղղությամբ։

Ենթադրվում է, որ կողմերն արդեն այսօր կարող են հասնել համաձայնության, ինչը կլինի չափազանց լուրջ առաջխաղացում ամբողջ համաշխարհային դիվանագիտության համար։

Պայմանագրի հիմքում հստակ գործարք է. Իրանը սահմանափակում է միջուկային հետազոտությունները և ուրանի հարստացումը, դրա դիմաց Արևմուտքը սկսում է վերանայել Թեհրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները։

Այսօր Վիեննայում հանդիպել են Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։

Կողմերը երեկ հայտարարել էին, թե հուլիսի 13-ը վերջնաժամկետ են նշանակում և անպայման պետք է ավարտին հասցնեն բանակցությունը։

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին այսօր ասել է, թե չի կարող խոստանալ, որ անխտիր բոլոր հարցերը հենց այսօր կամ վաղը կլուծվեն, ավելացնելով, որ բանագնացներն, այնուամենայնիվ, ցանկանում են ժամ առաջ ավարտել քննարկումները։

«Որոշ տարաձայնություններ մնում են, և քանի դեռ դրանք չեն լուծվել, մենք չենք կարող խոսել բանակցության հաջողության մասին»,- ասել է Արաքչին։

Այսօր ուշ երեկոյան Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստակայանով դիմելու է ժողովրդին և զեկուցելու է Վիեննայի բանակցության արդյունքների մասին։

Նշենք, որ Վիեննայի բանակցությունը տևում է արդեն երկու շաբաթ, ընդ որում այդ ընթացքում երեք անգամ երկարաձգվել է։

«Այլևս ոչ ոք չի ցանկանում երկարաձգել քննարկումները, բոլոր կողմերը լարված աշխատում են արդյունքի հասնելու համար, սակայն դա քաղաքական կամք է պահանջում»,- իր թվիթերյան էջում հայտնել է Իրանի բանագնացների պատվիրակության անդամ Ալիռեզա Միրյուսեֆին։

Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին այսօր Վիեննայում ընդգծել է, որ քննարկումների նոր երկարաձգում չի լինի։

«Մեր համոզմամբ, կատարյալ համաձայնագրեր գոյություն չունեն, այն, ինչ հիմա ունենք, բավական է համաձայնության համար»,- ասել է նախարարը։

«Չէի ասի, թե մենք շատ հեռու ենք համաձայնագրից, բայց նաև շատ մոտ էլ չենք»,- Բրյուսելում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունը սկսվել է 2004 թվականին։ Արևմտյան երկրների համոզմամբ, Իրանը փորձում է միջուկային ռումբ ստեղծել և այդ նպատակով է հարստացնում ուրանը։

Առնվազն մեկ ռումբ ստեղծելու համար գիտնականներին անհրաժեշտ է ստանալ 50-70 կիլոգրամ ուրան-235։ Այդ ռումբը հզորությամբ հավասար կլինի Հիրոշիման ոչնչացրած ռումբին, մինչդեռ ուրան-235-ի նույն քանակությունը հատուկ տեխնոլոգիայով ճառագայթման ենթարկելու արդյունքում հնարավոր է վերածել պլուտոնիումի և ստեղծել Նագասակին ոչնչացրած հզորության առնվազն տասը ռումբ։

Իրանը պնդում է, որ իր միջուկային հետազոտությունները միայն խաղաղ նպատակ են հետապնդում։ Տարածաշրջանի երկրներից Իսրայելը համոզված է, որ իրանցիներն ընդամենը ժամանակ են շահում և անպայման կփորձեն ռումբ ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG