Մատչելիության հղումներ

Գեղամյանը դեմ է քվեարկել այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունված Հելսինկիի հռչակագրին


Գեղամյանը դեմ է քվեարկել այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունված Հելսինկիի հռչակագրին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը վեհաժողովի 130 պատգամավորներից միակն է, ով դեմ է քվեարկել:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) լրատվական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը վեհաժողովի միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել այսօր առավոտյան Հելսինկիում ընդունված և Ռուսաստանը սուր քննադատության ենթարկող հռչակագրին:

Հայաստանյան պատվիրակության մյուս երկու անդամները՝ Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ) և Ստեփան Դեմիրճյանը (ՀԱԿ) չեն մասնակցել քվեարկությանը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը միակն է վեհաժողովին ներկա շուրջ 130 պատգամավորներից, ով դեմ է քվեարկել, որովհետև հռչակագրի առաջին գլխի 4-րդ կետում կոչ է արվում ԵԱՀԿ գոտում գտնվող հակամարտությունները կարգավորել՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունը, և խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին․ - «Ճիշտ է, դա կոնստատացիայի մասում է, 4-րդ կետն է, դրանից հետո՝ արդեն 45-րդ կետում մեր ուզած սահմանումը կա, որը արդեն ոչ թե կոնստատացիայի մասում է, այլ պարտադրական մասում»:

Հռչակագրի առաջին գլխի 45-րդ կետում պետությունների տարածքային ամբողջականության կողքին անդրադարձ կա նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և ընդգծված է՝ «ինչպես նշված է Հելսինկիի եզրափակիչ ակտում»:

Սա մեջբերում ենք, որովհետև այսօր ընդունված հռչակագիրն ընթերցելուց հետո պարզվեց, որ առաջին գլխի 4-րդ կետում, պետությունների տարածքային ամբողջականության մասին հիշատակումից բացի, գրված է, որ «հակամարտությունները պետք է կարգավորվեն Հելսինկիի եզրափակիչ ակտին լիովին համահունչ», իսկ այդ ակտում պետությունների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հավասարազոր սկզբունքներ են դիտարկվում:

Այսօրվա հռչակագիրը սուր քննադատության է ենթարկում Ռուսաստանը՝ դատապարտելով Մոսկվայի ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ ներառյալ Ղրիմի ապօրինի օկուպացիան, «որը Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների և միջազգային իրավունքի հստակ ոտնահարում է»:

Հռչակագիրը կոչ է անում Ռուսաստանին Ղրիմը հետ վերադարձնել Ուկրաինային:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարի նման քվեարկությունը «ուղղակիորեն հակասում է Հայաստանի շահերին»․ - «Դա դեմ է Հայաստանի ազգային անվտանգությանը, դա էապես թուլացնում է Հայաստանի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում և ուժեղացնում Հայաստանի մեկուսացումը»:

Մեհրաբյանը բարձրաձայնեց նաև իր «ոչ անհիմն ենթադրությունները», որ Արտաշես Գեղամյանը դեմ է քվեարկել հռչակագրին, որովհետև այն քննադատում է Ռուսաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը Ուկրաինայի հարցում:

Ստեփան Մարգարյանը Հելսինկիից հեռախոսով փոխանցեց, որ ինքն ու Ստեփան Դեմիրճյանը չեն մասնակցել հռչակագրի քվեարկությանը, քանի որ կային անընդունելի դրույթներ, և կային կետեր, որոնք հռչակագրում հայտնվել էին այդ թվում իրենց աշխատանքի արդյունքում․ - «Կստացվեր, որ եթե մասնակցում ենք, կողմ են քվեարկում, կարևորում ենք տարածքային ամբողջականությունը, իսկ դեմ քվեարկելը կնշանակեր մեր անցկացրածներին դեմ քվեարկել»:

Հարցին՝ եթե Հելսինկիի այսօրվա հռչակագիրը, իր համոզմամբ, չի բխում Հայաստանի շահերից, այդ դեպքում Մարգարյանն ու Դեմիրճյանը ինչո՞ւ են ձեռնպահ մնացել քվեարկելուց, Արտաշես Գեղամյանը պատասխանեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել ընդդիմադիր պատգամավորների գործողությունները:

Իսկ այն հարցին՝ արդյո՞ք իր անձնական որոշումն է եղել դեմ քվեարկելը, թե՞ դա իշխող Հանրապետականի դիրքորոշումն է, Գեղամյանն արձագանքեց․ - «Հանրապետական խմբակցությունը ի սկզբանե չէր կարող որոշում կայացնել, որովհետև զարգացումները ընթացել են այստեղ՝ Հելսինկիում»:

Արտաշես Գեղամյանը երեկ նաև դեմ էր քվեարկել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մի բանաձևի, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Գեղամյանն ասաց, որ դեմ է եղել, քանի որ բանաձևը քննարկվել ու քվեարկվել է վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակության բացակայության պայմաններում:

Հայաստանյան պատվիրակության մյուս երկու անդամները երեկ դարձյալ չէին մասնակցել քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG