Մատչելիության հղումներ

Օգտագործելով ՄԻԵԴ որոշումը՝ Բաքուն փորձում է խաթարել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը․ Քոչարյան


Շավարշ Քոչարյան, արխիվ
Շավարշ Քոչարյան, արխիվ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ՝ անդրադառնալով գործի մասին Ադրբեջանի մեկնաբանություններին:

«Արմենպրեսի» հարցին ի պատասխան Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասել է, որ Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք գործում ուղղակի չկան:

«Ադրբեջանական կողմը պնդում է, թե՝ «Դատարանը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և Ադրբեջանի տարածքների մի մասը զավթելու փորձերը այս հակամարտության դրդապատճառներն են»: Կարծում եմ՝ ավելորդ է ամեն անգամ կրկնել, որ նման պնդումներ դատավճռում ուղղակի չկան», - ասել է Քոչարյանը:

Փոխարտգործնախարարը շարունակել է․ - «Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ԼՂ հակամարտության արդյունքում տեղահանված անձանց, անհատների հարցերը պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»:

Շավարշ Քոչարյանի խոսքով, իր կամայական մոտեցումները հիմնավորելու համար Բաքուն չի խորշում յուրովի մեկնաբանել միջազգային փաստաթղթերը․ - «Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական ևս մեկ խեղաթյուրման: Ըստ իրենց «Դատարանը, փաստորեն, համաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, թե հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է հանդիսանում ԼՂ հակամարտության լուծման համար»: Բնականաբար, ինչպես նախորդ դեպքերում, դատավճռում նման ձևակերպում ևս ու ևս չկա»:

Դիվանագետի կարծիքով, այս որոշումն օգտագործելով՝ Բաքուն փորձում խաթարել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը՝ պնդելով, թե դատավճիռը պետք է ուղղորդի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը․ - «Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը անթաքույց միջամտության փորձ է կատարում համանախագահների` միջազգային մանդատ ունեցող միջնորդների գործունեության մեջ՝ փորձելով թելադրել նրանց առաջնորդվել իր սցենարով»:

«Մյուս կողմից, Ադրբեջանը վերահաստատում է, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկություններից, այդ առաջարկություններում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները չի դիտարկում որպես մեկ ամբողջություն, ևս մեկ անգամ խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը»:

«Փաստացի, Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները: Եթե Բաքուն անհագուրդ ցանկություն ունի, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, հասնել խնդրի կարգավորմանը, ապա ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսել նրա հետ», - ասել է Շավարշ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG