Երևանի 33-րդ թաղամասի բնակիչներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին. գերակա շահ ճանաչված թաղամասի բնակիչները ութ տարի շարունակ կառուցապատող «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունից չեն կարողանում ստանալ պայմանագրով իրենց խոստացված բնակարանները։
Ավելի քան 180 ընտանիքներ նշում են, որ կառուցապատող ընկերությունը նախ խոստացել էր իրենց տների տեղում նոր բնակարաններ կառուցել և դրանք տրամադրել բնակիչներին, ավելի ուշ առաջարկել էր քաղաքի մեկ այլ հատվածում ընկերության կողմից կառուցված նոր շենքերում բնակարաններ, իսկ վերջին տարիներին «Գլենդեյլ Հիլզ»-ը նոր պայմանագրեր է կնքել ընտանիքների հետ՝ բնակարանների փոխարեն խոստանալով դրամական փոխհատուցում:
Բնակիչների պնդմամբ, թեև բոլոր առաջարկներին էլ իրենք համաձայնություն տվել են, սակայն պայմանագրերից որևէ մեկը իրականություն չի դարձել։ Նրանք ասում են, որ չեն հեռանա կառավարության շենքի մոտից, մինչև իրենց հարցը չլուծվի։
Կառավարությունից խոստացան այսօր հանդիպում կազմակերպել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ, իսկ առաջիկա երկուշաբթի նրանց կընդունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ