Մատչելիության հղումներ

Արևմուտքը պատրաստ է թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները


Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները Վիեննայում, 6-ը հուլիսի, 2015թ․

Վիեննայում բանակցությունները մոտենում են ավարտին:

Չնայած Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնաժամկետը լրացել էր նախորդ ամիս, այս շաբաթ Իրանի և վեցնյակի արտգործնախարարները շարունակեցին բանակցությունները:

Կողմերի որոշմամբ, Վիեննայում շարունակվում են համաձայնության ձեռք բերմանն ուղղված աշխատանքները՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և այլ կողմերի մասնակցությամբ:

Նրանց հավաստմամբ, չնայած որոշակի առաջընթացին՝ մնում են որոշ չհամաձայնեցված հիմնարար հարցեր, որոնց համաձայնեցումից հետո Իրանը վերջնականապես կսահմանափակի սեփական միջուկային ծրագիրը՝ փոխարենը Արևմուտքից ստանալով պատժամիջոցների մեղմացում:

Իրանի արտգործնախարարի խոսքով, չնայած մոտեցումների տարբերություններին՝ երկու կողմն էլ համաձայնության ուղղված ջանքեր են գործադրում:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, կողմերը երբեք համաձայնությանն այդքան մոտ չեն եղել, որքան այս պահին։ «Եթե հետագա մի քանի օրվա ընթացքում հնարավոր լինի մի շարք բարդ որոշումներ կայացնել, ապա մենք համաձայնության կգանք արդեն այս շաբաթ», - ասել է Քերրին։

Իրանի արտգործնախարարը ևս դրական է գնահատել բանակցությունների ընթացքը։ «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, ու թեև դեռևս մնում են մի քանի բարդ հարցեր, կարծում եմ՝ քաղաքական կամք ցուցաբարելով մենք կարող ենք կարգավորել այդ հարցերը», - ասել է Զարիֆը։

Անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը նշել է, որ համաձայնության վերջնաժամկետը հետաձգվում է, քանի որ կողմերին անհրաժեշտ է համաձայնեցնել բազմաթիվ տեխնիկական հարցեր, ինչից հետո էլ հնարավոր է հասնել վերջնական համաձայնության: Միևնույն ժամանակ, Ըրնեսթն ասել է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը չի կարգավորի Թեհրանի հետ եղած բազմաթիվ այլ խնդիրներ։

«Մենք տեղյակ ենք, որ Իրանը շարունակում է մնալ ահաբեկչությունը հովանավորող երկրների առաջին շարքում, մենք տեղյակ ենք, որ Իրանը շարունակում է աջակցել խմբերի, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում, և որ Իրանն իր գաղութում ապօրինի պահում է Ամերիկայի քաղաքացու», - ասել է Սպիտակ տան խոսնակը:

Նա ընդգծել է, որ հենց Թեհրանի հետ առկա խնդիրների պատճառով անհրաժեշտ է դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրն ու համաձայնության հասնել:

«Ամերիկայի Ձայն»-ի աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգների, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչներից բաղկացած խումբն արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերել Իրանի դեմ պատժամիջոցները թուլացնելու վերաբերյալ, ինչի մասին կհայտարարվի համաձայնությանը արտգործնախարարների մակարդակով հավանություն տալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG