Մատչելիության հղումներ

Ցուցարարները հայտարարում են, որ այսօր երեկոյան հավաքվելու են Ազատության հրապարակում


Ոստիկանները Բաղրամյան պողոտայից հեռացնում են ցուցարարներին, 6-ը հուլիսի, 2015թ.
Ոստիկանները Բաղրամյան պողոտայից հեռացնում են ցուցարարներին, 6-ը հուլիսի, 2015թ.

Բաղրամյան պողոտայից հեռացված ցուցարարները հայտարարում են, որ այսօր ժամը 20։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, սակայն իրենց հետագա քայլերը դեռևս չեն հստակեցնում։

Նրանք նշում են, որ սպասում են բերման ենթարկված իրենց ընկերներն ազատ արձակվեն, որից հետո կորոշեն անելիքները։ Սակայն չեն բացառում, որ իրազեկման երթով կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով։ Չեն բացառում նաև նստացույցի տարբերակը։

Հիշեցնենք, 12 օր Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո շաբաթ երեկոյան ցուցարարները հայտարարեցին, որ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսում են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները՝ Հայաստանի նախագահի նստավայրի ուղղությամբ:

Այսօր առավոտյան ոստիկանությունը հայտարարեց, որ «պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով»:

Ժամը 12:30-ին կարմիրբերետավորները շղթա կազմեցին աղբամանների դիմաց՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին մոտենալ բարիկադներին։ Ոստիկաններին միացան Երևանի կենտրոնի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները և սկսեցին պողոտայից հեռացնել իրենց գույքը։

Ոստիկաններն ուժ կիրառեցին և ցրեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների ակցիան: Ի տարբերություն հունիսի 23-ի, ոստիկանությունն այս անգամ ցույցը ցրելու համար չօգտագործեց ջրցան մեքենան։ 46 ակտիվիստ բերման ենթարկվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG