Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անցկացնող ցուցարարներին այսօր ուշ երեկոյան այցելության եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ցույցի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին Հայրիկյանին և նրա ուղեկիցներին, ովքեր բացի հայկական եռագույնից, իրենց հետ բերել էին նաև Եվրամիության դրոշներ: Ցուցարարները պահանջում էին իջեցնել Եվրամիության դրոշները, լսվում էին՝ «Սադրի՛չ», «Հեռացի՛ր» և «Եռագո՛ւյն» կոչեր: Ցուցարարները պնդում էին, որ Բաղրամյանի բողոքի ակցիան Մայդան չէ և Եվրամիության դրոշների առկայությունն այստեղ տեղին չէ:
«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ է եկել Եվրամիության դրոշներով, Պարույր Հայրիկյանը պատասխանեց․ - «Որովհետև տղաները դիմել են Եվրոպական դատարան»:
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացիներ շտապ կարգով հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ի վերջո Եվրամիության դրոշները հեռացվեցին, և լարվածությունը Բաղրամյան պողոտայում նվազեց: