Երեկ հրապարակված փաստաթղթում նշվում է, որ «առկա է ռազմական երկու հզոր տերությունների` Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվելու ոչ մեծ, բայց հետզհետե աճող սպառնալիք»։ Ըստ Պենտագոնի, եթե նման բան տեղի ունենա, հետևանքները «հսկայական» կլինեն։
Այդ տեսակետն արտացոլված է Ազգային ռազմական ստրատեգիայի 2015 թվականի զեկույցում, որը կազմում են ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի փորձագետները։
Ըստ փաստաթղթի, Ռուսաստանը բազմիցս դրսևորել է հարևան երկրների ինքնիշխանությունը հաշվի չառնելու և իր նպատակներին հասնելու համար ուժ կիրառելու գործելակերպ․ - «Ռուսաստանը տարածաշրջանային կայունությունը խարխլում է թե՛ ուղղակի ռազմական միջամտության, թե՛ տեղերում իր կողմից կառավարվող ռազմական խմբավորումների միջոցով»։
Զեկույցը կազմած Պենտագոնի փորձագետները նշում են ուկրաինական հակամարտությունում անջատականներին սատարող ռուսական ուժերի հանգամանքը, թեպետ Մոսկվան մշտապես հերքում է այդ մեղադրանքը։
Պենտագոնի 2011 թվականի նմանատիպ զեկույցում աննշան անդրադարձ կար Ռուսաստանին, զեկույցը կազմվել էր նախքան Ղրիմի բռնակցումը և պատերազմն Արևելյան Ուկրաինայում։
«Մոսկվան ներդրում ունի միջազգային ահաբեկչության և թմրամիջոցների տարածման դեմ պայքարում, սակայն հարևանների անկախությունը չի հարգում», - ասվում է նոր զեկույցում։
Ըստ ամերիկացի փորձագետների, ռուսները կիրառում են «հիբրիդային պատերազմի» հնարքը։ Դրա օրինակը Ղրիմի բռնակցումն էր, որին ընդառաջ ռուսները «կանաչ մարդուկների» ջոկատներ էին ուղարկել, գաղափարախոսական հուժկու արշավ էին նախաձեռնել և կարճ ժամկետում հանրաքվե էին անցկացրել։
Զեկույցում ասվում է, որ Մոսկվան խախտում է մի շարք առանցքային միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան համաձայնությունը, ՆԱՏՕ - Ռուսաստան հիմնարար պայմանագիրը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող Բուդապեշտի հուշագիրը, միջին և կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը։
Մոսկվան արդեն արձագանքել է Պենտագոնի զեկույցին
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այն ներառում է Ռուսաստանի վերաբերյալ «ոչ առարկայական և ագրեսիվ դրույթներ»։
«Այստեղ պետք է ափսոսանք հայտնել, քանի որ այդ հայեցակարգը պատրաստվում է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով: Փաստաթղթում նման ձևակերպումները վկայում են առճակատման գնալու մտադրության և մեր երկրի նկատմամբ առարկայական մոտեցման լիակատար բացակայության մասին»,- ասել է Պեսկովը։
Նրա կարծիքով, այդ փաստաթուղթը բնավ չի նպաստի ռուս - ամերիկյան հարաբերությունները դեպի բարելավում տանելուն: