Մատչելիության հղումներ

Դատախազությունը հաստատեց՝ Ավետիսյանների սպանության գործը կփոխանցվի հայկական կողմին


Ավետիսյանների սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակով, արխիվ

Գլխավոր դատախազությունը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների սպանության գործը ռուսական կողմը երկար բանակցություններից հետո փոխանցում է հայ իրավապահներին:

«Ընթացակարգային հարցերի կարգավորումից հետո գործը կփոխանցվի Քննչական կոմիտեի վարույթ»,- հայտարարում է դատախազությունը՝ ընդգծելով, որ հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ.- «Սակայն հստակ է, որ սպանության գործը քննելու են Հայաստանի իրավապահները, արդարադատությունն իրականացնելու են ՀՀ դատարանները, մեղադրանքը պաշտպանելու է գործով հսկողություն իրականացնող դատախազը, դատավճիռը կայացվելու է Հայաստանի Հանրապետության անունից»:

Թե Ավետիսյանների հարազատները, թե նրանց ներկայացուցիչները այս որոշման մասին տեղեկացել են պաշտոնական հաղորդագրություններից: Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է՝ մի շարք հարցեր դեռ մութ են, հստակ չէ՝ եթե արդարադատությունն իրականացնելու են Հայաստանի դատարանները՝ ով կամ ինչպես է ապահովելու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ներկայությունը դատարանում:

«Որտեղի՞ց է Պերմյակովը բերվելու ՀՀ դատարան՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկի՞ց, թե ռուսական ռազմաբազայի քրեակատարողական հիմնարկից։ Եվ ՀՀ դատարանը ո՞ր հիմնարկին է գրություն ուղարկելու Պերմյակովին դատարան ներկայացնելու պահանջով։ Ո՞վ է վերահսկելու Պերմյակովին դատարան գտնվելու ընթացքում։ Սրանք շատ լուրջ հարցեր են»,- ասաց Սաքունցը։

Այն, որ ռուսական կողմը այս հարցում զիջումների է գնում սպանությունից միայն կես տարի անց, ամենևին էլ պատահական չէ, ասում է իրավապաշտպան՝ որոշման ետևում տեսնելով նաև Երևանում սկսված ցույցերի ազդեցությունը։

Սպանությունից ժամեր անց Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով ցույցեր սկսվեցին Գյումրիում և Երևանում: Օրեցօր մեծացող բողոքի ալիքին ի պատասխան՝ Հայաստանի դատախազությունը հայտարարում էր, թե Պերմայկովը չի կարող փոխանցվել, քանի որ պաշտպանված է Ռուսաստանի սահմանադրությամբ:

Թե ինչ է փոխվել հիմա, պաշտոնապես չի հաղորդվում, սակայն Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը, մեկնաբանելով և Սերժ Սարգսյանի, և գլխավոր դատախազության վերջին հայտարարություններն, ասում է՝ կարելի է ենթադրել, որ մեղադրյալը ևս կփոխանցվի հայկական կողմին:

«Ուղիղ որևէ բան չի ասվում, չկար նաև գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, սակայն այն միտքը, որը կար և Սերժ Սարգսյանի, և գլխավոր դատախազության հայտարարության մեջ, այն է՝ արդարադատությունը իրականացնելու է ՀՀ դատարանը, կարելի է ենթադրել, որ մեղադրյալը ևս կփոխանցվի Հայաստանին»,- ասաց Վարոսյանը։

Երվանդ Վարոսյանն ասում է, թե գործերը միավորելուց հետո պարզ կդառնա՝ արդյոք նոր ուսումնասիրություններ հարկավոր կլինեն, թե՝ ոչ: Այս պահին հայկական կողմում մի քանի փորձաքննության արդյունքների են սպասում, որից հետո քննությունը կավարտվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG