Մատչելիության հղումներ

Ցուցարարները ութերորդ գիշերն անցկացրեցին Բաղրամյան պողոտայում


Նստացույցի մասնակիցները Բաղրամյան պողոտայում, Երևան, 29-ը հունիսի, 2015թ․
Նստացույցի մասնակիցները Բաղրամյան պողոտայում, Երևան, 29-ը հունիսի, 2015թ․

Ութերորդ գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացնող ցուցարարները հայտարարում են, որ մտադիր չեն հեռանալ այնտեղից:

Այսօր առավոտյան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր Բաղրամյան պողոտայում: Նա կրկին դիմեց ցուցարարներին՝ կոչ անելով ազատել պողոտան, բայց՝ ապարդյուն:

Քիչ ավելի ուշ Բաղրամյան պողոտայի նստացույցի հատված ժամանեց նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և զրուցեց ցուցարարների հետ: Երիտասարդներին դիմելով՝ ոստիկանապետն ասաց, որ նրանք են երկրի ապագան, նշեց, որ ոստիկանությունը ունի բավականաչափ ուժ, միջոցներ՝ նստացույցը դադարեցնելու համար, բայց իրենք չեն ցանկանում կոտրել երիտասարդությանը: Գասպարյանը խաղաղության և համբերության կոչ արեց ցուցարարներին:

Դրանից առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ժամանելով Բաղրամյան պողոտա, աղբամանների տակ հայտնաբերել էր մի քանի մետաղապլաստե ձող, որոնք, ինչպես բացատրեցին ցուցարարները, պաստառների և դրոշների համար էին: Օսիպյանը հայտարարեց, որ դրանք դիտարկում է որպես մահակներ, և այդ առարկաները հեռացվեցին:

Առավոտյան Բաղրամյան պողոտայում նաև հանրային քննարկում էր: Տարբեր առաջարկներ եղան՝ ֆեյսբուքյան տիրույթում նոր նախաձեռնություն ստեղծել, հայտարարություն տարածել, ցուցարարները նաև բարձրացան որպես բարիկադներ ծառայող աղբամանների վրա և միասնական լուսանկարվեցին, ինչպես իրենք ասացին՝ «ի հիշատակ»:

Վալերի Օսիպյանը, ինչպես և նախորդ օրերին, ասաց, թե ոստիկանությունն այսօր առանձնահատուկ է մոտենալու, իսկ «Ազատության» ճշտող հարցին՝ տարբերվելո՞ւ է արդյոք այն առանձնահատուկ օրերից, որ պարբերաբար ոստիկանությունն ասում է, Երևանի փոխոստիկանապետն արձագանքեց․ - «Հետևեք՝ կտեսնեք»: Մանրամասներ նա չհաղորդեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG