ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հզորացնել դաշնակիցների արագ արձագանքման ուժերի կարողությունները՝ հասցնելով դրանց թվաքանակը 13 հազարից մինչև 40 հազարի: Այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել երեկ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
Նախարարները նաև ավելացրել են օդային, ծովային ու հատուկ ուժերի միավորները, հաստատել նախնական պլանավորման նոր հայեցակարգը, ինչը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա քաղաքական և ռազմական որոշումների կայացման նպատակով ավելի արագ և արդյունավետ արձագանքել սպառնալիքներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այս ամենի անհրաժեշտությունը կապել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման, Ուկրաինայում ռուս անջատողականներին աջակցման, միջուկային զենքի հնարավոր օգտագործման վերաբերյալ ահագնացող հռետորության հետ: