Մատչելիության հղումներ

Հարգանքի տուրք Քըրք Քըրքորյանի՝ արտակարգ մարդու հիշատակին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հունիսի 15-ին Քըրք Քըրքորյանի մահվանից հետո հազարավոր լրագրողներ ընդգծեցին նրա զարմանահրաշ նվաճումները բիզնեսի աշխարհում և հսկա ավանդը բարեգործության բնագավառում: Սակայն, այդ լրագրողները երբեք չէին հանդիպել այս մեծանուն մարդուն, քանի որ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին:

Գրեթե երեք տասնամյակ աշխատելով Քըրքորյանի հետ որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, կցանկանայի իմ անձնական հարգանքի տուրքը մատուցել այս գթասիրտ ամերիկահային և հրաշալի անձնավորությանը:

Շատ լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը Քըրքորյանի հետ: Այն տեղի ունեցավ 1980-ականների կեսերին Բևեռլի Հիլզի ռեստորաններից մեկում, ունևոր հայերի մի փոքր խմբի հավաքույթի ժամանակ, որոնք աջակցում էին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի վերընտրությանը: Ես այնտեղ էի որպես «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր: Երբ մոտեցա նրան ներկայանալու համար, Քըրքորյանն անմիջապես ճանաչեց ինձ և ասաց, որ իմ շաբաթական խմբագրականների մշտական ընթերցողն է: Շատ զարմացա և ինձ շոյված զգացի․․․

Քըրքորյանի հետ իմ հաջորդ հանդիպումը կայացավ Բևեռլի Հիլզի նրա գրասենյակում 1989 թվականի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 11 ամիս անց: Մենք քննարկեցինք հնարավորությունը համախմբելու ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունները, ներառյալ «Լինսի» հիմնադրամը՝ օդային ճանապարհով Հայաստան մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Քըրքորյանն առաջարկեց վճարել տրանսպորտային բոլոր ծախսերը և առատաձեռնորեն խոստացավ ծածկել ոչ միայն այդ մեկ թռիչքի ծախսերը, այլև «հետագա բոլոր թռիչքների, քանի դեռ Հայաստանը օգնության կարիք ունի»: Մի քանի օրվա ընթացքում ծնվեց Միացյալ հայկական հիմնադրամը, որը հաջորդ 25 տարիների ընթացքում 158 թռիչքներով և 2250 ծովային բեռնարկղերով 700 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մարդասիրական օգնություն ցուցաբերեց Հայաստանին և Արցախին:

1998 թվականին Քըրքորյանը ինձ հրավիրեց միասին մեկնել Հայաստան և իր այդ առաջին ուղևորության ժամանակ նախագահ Քոչարյանին խոստացավ հատկացնել 100 միլիոն դոլար (ավելի ուշ այն բարձրացնելով մինչև 242 միլիոն դոլար), որով կառուցվեցին կամ վերանորոգվեցին թունելներ, կամուրջներ և տասնյակ դպրոցներ Հայաստանում ու մեկը Արցախում, ինչպես նաև հարյուրավոր կիլոմետր մայրուղիներ, ճանապարհներ և փողոցներ, 34 մշակույթի օջախներ ու թանգարաններ, 3700 բնակարան աղետի գոտում, և 20 միլիոն դոլարի վարկեր փոքր բիզնեսին: Այս ծրագրերը ոչ միայն զգալիորեն նպաստեցին Հայաստանի ենթակառուցվածքների բարելավմանը, այլև խիստ անհրաժեշտ աշխատատեղեր ապահովեցին 20 հազարից ավելի աշխատողների համար: Պարոն Քըրքորյանը ինձ խնդրեց վերահսկել այս ծրագրերը որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ:

Տարիների ընթացքում Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը հարյուր միլիոնավոր դոլարներ նվիրաբերեց ամբողջ հայությանը, այդ թվում` 14 միլիոն դոլար Հայաստանի բնակչությանը 1993 թվականի խստաշունչ ձմռանը վառելանյութով ապահովելու համար, 2006 թվականին 4․5 միլիոն դոլար Լիբանանի բոլոր 28 հայկական դպրոցներին և միլիոնավոր դոլարներ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախում իրականացվող ծրագրերի համար: Ըստ հաշվարկների՝ 1989-ից մինչև 2011 թվականներն ընկած ժամանակահատվածում «Լինսի» հիմնադրամը նվիրաբերել է ավելի քան 1 միլիարդ դոլար՝ հավասարապես բաժանված հայկական և օտար բարեգործական կազմակերպությունների միջև:

Երբ «Լինսի» հիմնադրամը 2011 թվականին փակեց իր դռները, անհիմն և կեղծ լուրեր սկսեցին շրջանառվել փակման հնարավոր պատճառների մասին: Փաստն այն է, որ պարոն Քըրքորյանը նախատեսել էր որոշակի տարիքի հասնելով այլևս չզբաղվել ամենօրյա դիմումների տարափով, որոնք ստացվում էին ամբողջ աշխարհից ֆինանսավորման օգնության խնդրանքով, իսկ իր հարստության հիմնական մասը բաժանել հետմահու:

Կցանկանայի ավարտել՝ նշելով այս նշանավոր ամերիկահայի համակրանքներից և հակակրանքներից մի քանիսը.

- Պարոն Քըրքորյանը մեծապես դժգոհ էր ներհայկական պառակտումներից: Նա անվերջ վշտանում էր, որ հայերը իրար հետ անհամերաշխ են, և հաճախ էր ասում. - «Ինչո՞ւ չեն կարողանում միավորվել ու շարժվել միևնույն ուղղությամբ»: Նա ուրախ էր, որ ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունները աշխատում են միասին՝ Միացյալ հայկական հիմնադրամի հովանու ներքո:

- Նա խիստ մտահոգվում էր Հայաստանի ժողովրդի թշվառ վիճակով և մշտապես անհանգստանում էր արտագաղթով: Նա ձգտում էր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի հայերը չլքեն իրենց Հայրենիքը:

- Նա չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում և երբեք թույլ չէր տալիս իր անվամբ որևէ կառույց կամ հաստատություն կոչել:

- Նա չափազանց հարուստ էր, բայց շատ համեստ կյանքով էր ապրում և խոսում էր մեղմ ու քաղաքավարի: Նա նախընտրում էր, որ մարդիկ իրեն դիմեն անունով՝ Քըրք, այլ ոչ թե պարոն Քըրքորյան:

Վերջապես, ոչ ոք չէր հուշում Քըրքին գումար նվիրաբերել պատեհ առիթներով: Նա հաճախ իր կամքով մեծ նվիրատվություններ էր անում՝ առանց խնդրանքի:

Հայ ժողովուրդը և համայն աշխարհը նրան երախտիքի մեծ տուրք ունեն մատուցելու:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG