Մատչելիության հղումներ

Հալեպում Հայաստանի քաղաքացի է զոհվել


Հալեպում Հայաստանի քաղաքացի է զոհվել
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

Անցած շաբաթավերջին Հալեպի քաղաքապետարանի հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել, չորսը վիրավորվել են։

Ինչպես «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը, զոհվածներից մեկը՝ Էդուարդ Պետրոսյանը Հայաստանի քաղաքացի էր և Հալեպ էր ժամանել մի քանի օրով, մյուսը՝ Կարո Մկրտչյանը տեղի արհեստավորներից էր։

Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, այս օրերին հրթիռակոծվում են Հալեպի գրեթե բոլոր թաղամասերը։ Հայ համայնքը նաև նյութական ահռելի վնասներ է կրում, որոնք սակայն առայժմ հնարավոր չէ հաշվարկել․ - «Մանավանդ շրջաններ ինչպես Նոր Գյուղ, ինչպես Սուլեյմանիեի այն թաղամասը, որ փուլ եկավ, Ջդեյդեի շրջանը, որ Քառասուն մանկանց եկեղեցին կգտնվեր, ահավոր, ուղղակի շենքեր փուլ եկած են այսպիսի շրջաններու մեջ։ Բնակարաններ և ազգային միութենական կալվածքներ կան վնասված»։

Արդեն չորորդ տարին շարունակվող պատերազմին հեռվից հետևում են Երևան տեղափոխված սիրիահայերը: Սրճարաններից մեկում, որտեղ սովորաբար հավաքվում են հալեպահայերը, այս օրերին հիմնական թեման նախօրեի պայթյուններն են ու հարազատների վիճակը։ Երեք տարի առաջ Երևան տեղափոխված Ջորջ Դուրնարյանը Հալեպում մնացած հարազատների հետ չի կարողանում կապվել, տեղում համացանցը տևական ժամանակ է՝ խափանված է։

Նրա խոսքով, երկրում վիճակն օր-օրի վատանում է, և ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները սիրիահայերին տարհանելու կոնկրետ ծրագիր մշակեն՝ համայնքը պահպանելու հայտարարությունների փոխարեն․ - «Ի՞նչը պիտի պահպանվի, եթե եկեղեցին, դպրոցը արդեն քանդվում է, ատոր ի՞նչը պիտի պահպանվի՝ ես չեմ հասկանում»:

Դաշնակցության նախաձեռնությամբ ստեղծված «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Թաթուլ Հարությունյանը ևս կարծում է, որ սիրիահայերի խնդիրները լուծելու համար պետական մոտեցում է անհրաժեշտ․ - «Մեր երկիրը բարոյական պարտավորություն ունի սիրիահայերին տեր կանգնելու: Անհրաժեշտությունը արդեն իսկ վաղուց է: Իրականությունը նա է, որ քանի գնում դրությունը Սիրիայում վատթարանում է, և էնտեղ հայ համայնքը․․․ իսկապես մեր կռիվը չի, և անելիք որպես էդպիսին էնտեղ չունենք։ Գոյություն ունի ուղղակի մարդկանց կյանքի խնդիր, և էդ խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է դերակատար լինի»։

Սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում արդեն 100-ից ավելի հայ է զոհվել։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեռևս անցած ամիս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե այլևս առաջնայինը ոչ թե համայնքի պահպանման, այլ հայերի փրկության հարցն է։ Սակայն մինչև օրս այս առումով որևէ ծրագիր և գործողությունների հստակ ժամանակացույց չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG