Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայերը այսուհետ թուրքական քաղաքականության մեջ ավելի ակտիվ կլինեն


Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ է անցել, սակայն կառավարություն դեռ չի ձևավորվել: Այս թեմայի շուրջ զրուցել ենք Թուրքիայի նորընտիր խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանի խորհրդական Ինան Գեդիկի հետ:

Հարց․ - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ է անցել, սակայն մինչ օրս կառավարություն չի ձևավորվել: Անցած շաբաթ կրկին խոսվում էր կոալիցիայի ձևավորման մասին, և առավել հավանական էր թվում «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջև համագործակցությունը: Նույնիսկ լուրեր տարածեցին, թե կուսակցությունների միջև հանդիպում է տեղի ունեցել: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է կոալիցիոն կառավարության ձևավորումը, և եթե դա տեղի ունենա, արդյո՞ք նախագահի դերը ավելի կթուլանա և վարչապետի պաշտոնը ավելի առաջնային կդառնա:

Պատասխան․ - Կոալիցիայի կազմավորումը անխուսափելի է, ընտրությունների արդյունքների համաձայն՝ գոնե երկու կուսակցություն պետք է միավորվեն: Հավանական առաջին տարբերակը «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջև կոալիցիան է: Մեկը իսլամական արժեքներով է առաջնորդվում, մյուսը` ազգայնական: Սակայն սա ազգայնական ճակատի կառավարություն կնշանակի, ինչպես փորձեցին անել 1970-ականներին: Սա կհանգեցնի նրան, որ քրդական հարցի լուծման գործընթացը փակուղի կմտնի: Քրդական ճակատը ասել է, որ ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան ընդունելու է որպես պատերազմի որոշում: Եթե հարցին նայենք կապիտալ ունեցող շրջանակների, միջազգային ուժերի և Թուրքիայի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ առաջնային պլանում ավելի շատ հայտնվում է ոչ թե ԱԶԿ-ԱՇԿ, այլ ԱԶԿ-ԺՀԿ (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն) կոալիցիան: Եթե ինձ հարցնեք, ապա Թուրքիայում իրավիճակի մի փոքր նորմալացման տեսանկյունից ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիան ավելի տրամաբանական է թվում: Գալով նախագահի դրությանը՝ կոալիցիոն ցանկացած տարբերակի դեպքում էլ նախագահի դերը ծայրահեղ վիճակում է: Մինչ օրս Թուրքիայի նախագահը ավելի շատ խորհրդանշական դերակատարություն ուներ, սակայն առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրված նախագահ կա, իսկ նախագահի սահմանադրական լիազորությունների հարցը Թուրքիայում միշտ վիճելի թեմա է եղել: Եթե նախագահի խնդիրը չլիներ, միգուցե կոալիցիա ավելի հեշտ ու հանգիստ կձևավորվեր, սակայն կարելի է ասել, որ այստեղ նախագահը կարծես դժվարացնում է այս գործընթացը: Քանի որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները իրենց քաղաքականությունը կառուցում են հակադրվելով Էրդողանին, կարծես ԱԶ կուսակցության ղեկավարը դեռ նա է: Ես կարծում եմ, որ այս գործընթացից հետո նախագահ Էրդողանի լիազորությունները փոքր-ինչ կսահմանափակվեն և սահմանադրական շրջանակների մեջ կդրվեն, քանի որ քաղաքական բոլոր կուսակցությունների միասնական պահանջը նախագահի` սահմանադրական սահմանների շրջանակներում մնալն է:

Հարց․ - Ընտրություններից անմիջապես հետո սկսեցին խոսել Աբդուլա Գյուլի` քաղաքականություն վերադառնալու մասին: Նույնիսկ ինքը նշել էր, որ եթե կոալիցիա կազմավորվի, ապա կարող է գլխավորել այն: Արդյոք հնարավո՞ր է Գյուլի վերադարձը:

Պատասխան․ - Գյուլը հնարավորություն չունի գլխավորել կոալիցիան կամ տեղ զբաղեցնել կառավարությունում: Սակայն Աբդուլա Գյուլը ԱԶ կուսակցության, ավելի ճիշտ՝ Թուրքիայում իսլամի վրա հենված քաղաքականության կարևոր դեմքերից է: Այս քաղաքականությունը և՛ Էրդողանի, և՛ Դավութօղլուի վարչապետության շրջանում մեծապես քայքայվել ու մասնատվել է: Իհարկե, չի կարելի ակնկալել, որ Թուրքիայում նախագահի պաշտոն զբաղեցրած անձը նորից զրոյից քաղաքականություն մտնի, ընտրություններին մասնակցի, պատվիրակների հետ հարաբերություններ զարգացնի: Երբ քաղաքականություն մտնի, ապա պետք է որ ավելի բարձր դիրքից կմտնի: Պետք է արձանագրել, որ իշխող ԱԶ կուսակցությունը արագ անկում է ապրում: Կարծում եմ՝ կուսակցության ձայների կորստի հետ մեկտեղ հնարավոր է, որ Գյուլը կրկին ասպարեզ գա, սակայն ուժերի նման դասավորության պայմաններում Գյուլի արագ վերադարձը քաղաքականություն հնարավոր չի թվում:

Հարց․ - Նոր կառավարությունը կարո՞ղ է ավելի դրական մոտեցում որդեգրել հայ - թուրքական հարաբերությունների հարցում: Օրինակ, հնարավո՞ր է արդյոք սահմանների բացումը կամ 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումը՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի գործոնը: Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության վրա: Ինչ-որ փոփոխություն կարո՞ղ ենք սպասել:

Պատասխան․ - Ադրբեջանը Թուրքիա-Հայաստան հարաբերություններում շատ ազդեցիկ դիրքում է և մշտապես բարդացնում ու խափանում է երկու երկրների միջև հարաբերությունները: Ադրբեջանը Թուրքիայի համար կամուրջ է Հարավային և Հյուսիսային Կովկասի միջև, որը ապահովում է Թուրքիայի հարաբերությունները այս տարածաշրջանի հետ: Այս տեսանկյունից Ադրբեջանի դիրքը շատ որոշիչ է: Սակայն երկու երկրների հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է, իսկ դրա համար պետք է վերացնել Ադրբեջանի արգելքը, այսինքն՝ Թուրքիան իր արտաքին քաղաքականության ձևավորման հարցում չպետք է այդքան կարևորի Ադրբեջանին: Գալով արձանագրություններին` դժվար թե մոտ ժամանակներում դրանք վավերացվեն, քանի որ ոչ մի կուսակցության ծրագրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղ չի գտել:

Կարծում եմ` հարցի վերաբերյալ մոտեցումը կփոխվի համաձայն ներքաղաքական շրջանակներում ուժերի դասավորությանը:

2009 թվականին ստորագրված արձանագրությունները Թուրքիան հանեց օրակարգից Ադրբեջանի միջամտությամբ, ապա նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանում: Սակայն այս քայլերը պայմանավորված էին ներքաղաքական հանգամանքներով: Այնուհանդերձ, միջազգային հանրությունը երկու երկրների մերձեցումն է ցանկանում: Մոտ ապագայում սա քիչ հավանական է թվում, սակայն Թուրքիայում մասնավորապես հայ թեկնածուների առաջադրման և այս պատգամավորների տարած աշխատանքի շնորհիվ, եթե նույնիսկ արձանագրությունները կարճ ժամանակամիջոցում չվավերացվեն, ապա գոնե երկու երկրների հարաբերությունները ավելի առողջ հունով կարող են ընթանալ:

Հարց․ - Գալով Թուրքա - Եվրամիություն հարաբերություններին` նոր կոալիցիոն կառավարությունը կարո՞ղ է ավելի մոտենալ Եվրամիությանը:

Պատասխան․ - ԱԶ կուսակցությունը 12 տարի իշխանության ղեկին մնաց: Իշխանության առաջին տարիներին Եվրամիությանը մոտեցող դիրքորոշման հետևեց, սակայն հետզհետե վերջին տարիներին ավելի բռնապետական, ռեպրեսիվ, միապետական կուսակցություն և կառավարություն դարձավ: Այդ պատճառով էլ այս հեռանկարը Թուրքիային հեռացրեց Եվրամիությունից: Մասնավորապես՝ այդպիսին էին ԱԶԿ-ի կառավարման վերջին տարիները: Նոր կազմավորվող կառավարությունից այս հարցում լուրջ քայլեր կարող ենք սպասել, քանի որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները ժողովրդավարանալու հարցում եվրոպական չափանիշներին հետևելու նպատակ ունեն: Կարծում եմ, որ Թուրքիան կրկին կմտնի Եվրամիության անդամակցության գործընթացի մեջ:

Հարց․ - Դուք խորհրդարան անցած երեք հայազգի պատգամավորներից մեկի` Սելինա Դողանի խորհրդականն եք և լավ ծանոթ եք նաև հայ համայնքին: Ընտրությունների արդյունքները գոհացուցի՞չ էին հայ համայնքի համար: Խորհրդարանում պատգամավորների գրանցումը սկսվել է, հաջորդ շաբաթ արդեն երդման արարողությունը տեղի կունենա: Հնարավո՞ր է արդյոք, որ տիկին Սելինան բարձր պաշտոն ստանձնի, օրինակ՝ ինչ-որ հանձնաժողովի կամ խորհրդի նախագահ նշանակվի:

Պատասխան․ - 51 տարի անց Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր է գրանցվել: Այս զարգացումը շատ կարևոր է և՛ Թուրքիայի, և՛ աշխարհասփյուռ հայերի համար: Սա ուշացած իրադարձություն էր: Բացի «Ազգայնական շարժում» կուսակցությունից, մյուս երեք կուսակցություններից մեկական հայ պատգամավոր կա, ինչը ես շատ եմ կարևորում: Այս հանգամանքը թուրք հասարակության մեջ քննարկումների պատճառ չդարձավ, քանի որ թուրքական խորհրդարանում հայերի խնդիրներն էլ պետք է քննարկվեն: Սփյուռքը կամ Հայաստանը Թուրքիայում ներկայացվում են որպես վրեժ, որպես տաբու, և կարծում եմ, որ այս երեք պատգամավորները կարող են կոտրել այդ կարծրատիպերը: Այս տեսանկյունից էլ է կարևոր: Բացի այդ, Թուրքիայի հայերը մեծ խնդիրներ ունեն, և դրանց օրակարգ գալու տեսանկյունից էլ է շատ կարևոր: Ես տիկին Սելինայի հետ նախընտրական հրապարակներում եմ եղել, հայ համայնքի հետ էլ մտերիմ շփումներ ենք ունեցել: Տեսա, որ առաջին անգամ հայ համայնքը մեծապես հետաքրքրված է ընտրություններով: Առաջին անգամ ընտրությունների համար այդքան աշխատեցին, այդքան մեծ մասնակցություն ունեցան: Սակայն մեր տեսած իրականությունն այն է, որ հայերի ձայների մեծ մասը գնաց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, լուրջ աջակցություն ստացավ նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Ձայների գերակշիռ մասը ստացավ ԺԴԿ-ն, սակայն հայ համայնքը, իր ձայների մեծ մասը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը տալով հանդերձ, ընդունեց և յուրային դարձրեց նաև մյուս հայ պատգամավորներին: Այժմ արդեն մեծ թվով խնդրանքներ ենք ստանում, և տիկին Սելինան դրանցով զբաղվելու է: Հայ պատգամավորներից ամենաուժեղ դիրքում միգուցե բոլորին զարմացրած թեկնածուն՝ տիկին Սելինան էր, քանի որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նրան ընտրացուցակի առաջին տեղով առաջադրեց: Կարող ենք ակնկալել, որ նման դիրքով խորհրդարան մտած կինը հետագայում բարձր պաշտոն կզբաղեցնի, ինչպես նշեցիք՝ նա կարող է որևէ հանձնաժողովի նախագահ լինել, կամ եթե կոալիցիա կազմավորվի՝ կարող է նաև նախարար լինել կամ մեկ այլ պաշտոն ստանալ: Ես սրանք, այսպես ասած, բարձրաձայն մտածելով եմ ասում: Հաշվի առնելով տիկին Սելինայի հայացքները, երիտասարդ տարիքը, կրթությունը, մշակութային գիտելիքները՝ կարող ենք ասել, որ այսուհետ Թուրքիայի քաղաքական դաշտում կարևոր դեմք կդառնա: Եթե մոտ ժամանակներում դա տեղի չունենա, ապա հետագայում այդպես կլինի: Եթե նույնիսկ տիկին Սելինան չլինի, ապա Թուրքիայի հայերը այսուհետ թուրքական քաղաքականության մեջ ավելի ակտիվ կլինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG