Մատչելիության հղումներ

Ադրբեջանից փախած իրավապաշտպանը հարցազրույց է տվել CNN-ին


Էմին Հուսեյնով, արխիվ
Էմին Հուսեյնով, արխիվ

Էմին Հուսեյնովը ասել է, որ անհնարին է արդար դատավարության հույս ունենալ մի երկրում, որտեղ չկա անկախ դատարան:

CNN-ի հայտնի լրագրող Քրիստիան Ամանփուրը իր հեղինակային հաղորդաշարում բացառիկ հարցազրույց է վերցրել Շվեյցարիա փախած ադրբեջանցի ակտիվիստ Էմին Հուսեյնովից, ով շուրջ 10 ամիս Բաքվում թաքնված էր Շվեյցարիայի դեսպանատանը, իսկ Եվրոպական խաղերի ընթացքում տեղափոխվեց այդ երկիր:

Հուսեյնովը պատմում է, որ երբ իշխանությունները սկսել են ձերբակալել իր ընկերներին և գործընկերներին, իր համար պարզ է դարձել, որ շուտով հասնելու է իր հերթը:

Նա արդեն հետապնդումների ենթարկվել էր․ - «5 տարի առաջ ոստիկանների կողմից դաժան խոշտանգումների ենթարկվելուց հետո ես կասկած չունեի իշխանությունների մտադրությունների մասին և ստիպված ապաստան փնտրեցի դեսպանատանը՝ փրկելու իմ կյանքը»:

Կեղծ մեղադրանքներից պաշտպանվելու հնարավորությունների մասին հարցին Էմին Հուսեյնովն արձագանքել է, թե անհնարին է արդար դատավարության հույս ունենալ մի երկրում, որտեղ չկա անկախ դատարան, իրավապահ համակարգը ենթարկվում է գործադիր իշխանությանը:

«Այսպիսի պայմաններում պետական մարմինների կողմից առաջ քաշված անօրինական գործերում անհնարին է հաղթել», - ասել է Հուսեյնովը:

Հակադարձելով Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովի խոսքերին, ով CNN-ին ասել էր, թե Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, Հուսեյնովը հայտարարել է, թե բոլոր պաշտոնյաները նույնն են ասում, բայց դա ճիշտ չէ:

Ինչ վերաբերում է Եվրոպական խաղերը Ադրբեջանում անցկացնելու որոշմանը, ապա խոսելով այս մասին՝ նա նաև նշել է, որ խաղերի ընթացքում միջազգային հանրության ուշադրությունը բևեռվեց Ադրբեջանի վրա, ուշադրություն է դարձվում նաև մարդու իրավունքների խախտումներին:

Հուսեյնովի խոսքով, նույն խնդիրները նաև վերաբերում են Քաթարին, Ռուսաստանին, և իր կարծիքով՝ միջազգային մրցաշարերը ավտորիտար երկրներում անցկացնելու որոշումները փոփոխությունների կարիք ունեն: Դա, ըստ նրա, գլոբալ հարց է:

Ադրբեջան վերադառնալու, մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը շարունակելու հնարավորության մասին հարցին Հուսեյնովը պատասխանել է, թե քանի դեռ այնտեղ իշխանությունների կողմից իրական երկխոսություն չկա քաղաքացիական հասարակության և քննադատական հայացքներ ունեցողների հետ, լրագրողների հետ, քանի դեռ իշխանությունները որևէ փոփոխություն չեն կատարել երկրում, հնարավոր չէ գործունեությունը շարունակել Ադրբեջանում: «Դա իրական չէ», - շեշտել է ադրբեջանցի ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG