Մատչելիության հղումներ

Հայաստանը պաշտպանական ոլորտում քաղաքականությունը «կառուցում է համադրությունների հիման վրա»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Եթե մինչև վերջին ժամանակներս Հարավային Կովկասի անվտանգության հիմնական սպառնալիք էին հանդիսանում չլուծված համակարտությունները, ապա այժմ տարածաշրջանի անվտանգությանը առավել իրատեսական սպառնում են թեկուզ միայն տարաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման շուրջ տարածաշրջանի երկրների տարակարծիք մոտեցումները, այսօր Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Երևանում անցկացվող «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով սեմինարում Օհանյանը զեկույց է ներկայացրել, որում նշել է՝ տարածաշրջանի երկրները տարբեր մոտեցումներ ունեն հավաքական անվտանգության համակարգերի, էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ: Եվ ամենավտանգավորն այն է, որ այդ մոտեցումները հաճախ փոխլրացնող լինելու փոխարեն միմյանց դեմ են ուղղված:

«Բացի ավանդական կամ այսպես կոչված համաչափ սպառնալիքներից կայծակնային արագությամբ ավելի սուր բնույթ են ստանում այնպիսի անհամաչափ սպառնալիքներ, ինչպիսիք են անդրազգային ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, ինչն արդեն «թակում է Հարավային Կովկասի դուռը»: Այսպես կոչված «Իսլամական Պետությանը» հաջողվեց կարճ ժամանակում ընդլայնել իր վերահսկողության գոտին և շարունակում է տարածվել բոլոր ուղղություններով` ակամայից թիրախի տակ վերցնելով նաև Հարավային Կովկասը, որի հարևաններից առնվազն երկուսը` Թուրքիան և Իրանը այս կամ այն կերպ անմիջականորեն ներքաշված են ԻՊ շուրջ զարգացումներում: Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության և ԻՊ դեմ համախմբված մյուս քրդական համայնքների ԻՊ դեմ պայքարում ձախողումը այդ սպառնալիքը էլ ավելի կմոտեցնի Հարավային Կովկասի սահմաններին»,- ասել է նախարարը։

Օհանյանի խոսքով՝ կան հաստատված տվյալներ, որ ԻՊ շարքերում կռվում են մեծ թվով ադրբեջանցի, որոշ քանակությամբ նաև կովկասցի այլ ազգային պատկանելությամբ գրոհայիններ.- «Ահաբեկչական ուղի անցած այս մարտիկների վերադարձը առաջինը սպառնալու է հենց իրենց երկրներին և հետո ուղակիորեն Հայաստանին։ Այս իրավիճակում Հայաստանն իր անվտանգային համակարգը կառուցում է բազմավեկտոր ձևաչափով: Հանդիսանալով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ` Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ձևաչափով և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկում է իր անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասը»։

«Դա վկայում է այն մասին, որ պաշտպանական ոլորտում մեր որդեգրած քաղաքականությունը կառուցվում է համադրությունների հիման վրա` առավելագույնս ապահովելու համար Հայաստանի միջազգային ինտեգրումն ու անվտանգության ապահովումը: Ուստի Հայաստանում և Հայաստանի շահերի տեսանկյունից ՌԴ-ի և ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, Իրանի և Արևմուտքի շահերը չեն հակադրվում, այլ ընդհակառակը` փոխլրացվում և ամբողջացվում են»,- իր զեկույցում ասել է նախարարը՝ նաև հատկանշական համարելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ միակ անդամը և ՌԴ ռազմավարական դաշնակիցը, որը 2004 թվականից ակտիվորեն ընդգրկված է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղության և կայունության ապահովման բոլոր գործողություններին:

«Տարածաշրջանի երկրների հանդեպ ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում, նամանավանդ հակամարտող կողմերի հանդեպ: Այս խնդիրը առավել արդիական է` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կողմնակալ մոտեցումները: ՆԱՏՕ-ն պետք է հավասարաչափ բաց լինի բոլոր գործընկերների համար` հավասարաչափ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի բոլոր երկրներին, միաժամանակ իրականացնելով այնպիսի նախագծեր, որոնցում երեք երկրները կկարողանան ներգրավվել բազմակող տարածաշրջանային ձևաչափով»,- նաև ասել է Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG