Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիայում կառավարական ուժերի կողմից օդային հարձակումները


Սիրիացի փախստական երեխաները Թուրքիայի սահմանի մոտ, 16-ը հունիսի, 2015
Սիրիացի փախստական երեխաները Թուրքիայի սահմանի մոտ, 16-ը հունիսի, 2015

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդական Ջենիֆեր Ուելշը, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ռիտա Իսշակը և Կրոնի կամ հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Հայնա Բիլեֆելդը խստորեն դատապարտել են Սիրիայում կառավարական ուժերի կողմից հաճախացած օդային հարձակումները և ոչ ընտրողական գործողության այնպիսի զինատեսակների կիրառումը, ինչպիսին են բարելային ռումբերը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությամբ բնակեցված տարածքներում:

Այսօր տարածված հայտարարությունում նրանք զգուշացրել են, որ նման հարձակումները կարող են ավելի սանձազերծել ոչ պետական զինված խմբերի պատասխան գործողությունները և, հետևաբար, մեծացնել ենթադրաբար կառավարությանն աջակցող կրոնական և ազգային փոքրամասնությունների խոցելիությունը:

«Ըստ հաղորդումների՝ կառավարության օդային հարվածների հետևանքով անցյալ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 քաղաքացիական բնակիչ է սպանվել: Այնպիսի միջոցների կամ մեթոդների կիրառումը, որոնք չեն կարող տարբերակել քաղաքացիական բնակչությանը ռազմական թիրախներից, միջազգային մարդասիրական իրավունքի հստակ խախտում է: Սիրիայի կառավարությունը ոչ միայն ձախողվել է իր բնակչությանը ոճրագործություններից պաշտպանելու պարտականության հարցում, այլև ինքն է շարունակում հարձակվել սեփական ժողովրդի վրա»,- ասված է հայտարարությունում։

Հատուկ խորհրդականներն ու հատուկ զեկուցողներն ահազանգել են կառավարության ուժերի օդային հարձակումների ավելի լայն հետևանքների մասին Սիրիայի հատկապես որոշ համայնքների համար: Նրանք զգուշացրել են, որ այս հարվածների հետևանքով ոչ պետական զինված խմբերը կարող են իրականացնել լայնածավալ պատասխան հարձակումներ կրոնական և ազգային այնպիսի փոքրամասնությունների դեմ, որոնք ընկալվում են որպես կառավարությանը հարող, այդ թվում շիա քաղաքացիական անձինք, որոնք ապրում են Հալեպի և Իդլիբի մարզերի Ալ-Ֆուահա, Քեֆրայա, Զահրա և Նուբլ պաշարված գյուղերում և Աս-Սուայդա մարզում կենտրոնացած դրուզական համայնքներում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց մտահոգությունը, որ շարունակվում են սպառնալիքները Սիրիայում փոքրամասնությունների խմբերի անվտանգության նկատմամբ, ներառյալ ալևիների, հայերի, ասորիների, դրուզների, իսմայիլականների և քրդերի, որոնք իրենց կրոնական կամ ազգային ինքնության պատճառով սպանվում, հետապնդվում կամ թիրախ են դառնում՝ հիմնականում ոչ պետական զինված ուժերի, այդ թվում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի և այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG