Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պարզել 2015 թվականի առաջին եռամսյակում մահացության աճի պատճառները և մինչև հուլիսի վերջ համապատասխան զեկույց ներկայացնել։
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, այս հարցում պատասխանատվությունը դրվում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ռեգիոնների ղեկավարների վրա։
Մեդվեդեևը հայտնել է, որ 2015-ի առաջին երեք ամիսների ընթացքում մահացությունը 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 3.7 տոկոսով։
Մասնագետները բազում պատճառներ են նշում` անառողջ ապրելակերպից մինչև ռեգիոնների թերֆինանսավորում։ Ինքը Պուտինը մահացության աճը կապում է կյանքի տևողության երկարացման և բնակչության ծերացման հետ։
«Մեծացել է տարեց մարդկանց թիվը, մասնագետների կարծիքով՝ դա է անմիջականորեն ազդել մահացության դինամիկայի վրա, բնական է, որ տարեցներն ավելի հաճախ են մահանում, քան երիտասարդները»,- ասել է Պուտինը՝ ստանալով մայիսյան վիճակագրությունը։
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, թե մահացության աճը, մի կողմից, կապված է բնակչության տարիքային կառուցվածքի և ծերացման, մյուս կողմից` այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսին են բժշկական սխալները և անառողջ ապրելակերպը։ Բացի այդ, ըստ նախարարի, աճել է գրիպից, թոքաբորբից, սուր շնչառական վիրուսային հիվանդություններից մահացածների թիվը, ինչը գրանցվել է նաև եվրոպական 14 երկրներում։
Սկվորցովայի համոզմամբ՝ մահացության աճի համար պատասխանատվությունը կրում են ռեգիոնների առողջապահության հաստատությունների ղեկավարները, դաշնային պաշտոնյաների այցերի արդյունքում աշխատանքից ազատվել է առողջապահության շրջանային 29 նախարար։
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ երկրում մահացությունն աճում է, և դրան զուգահեռ իջնում է ծնելիությունը, ինչը հատկապես հրատապ է Ալթայում, Կարաչաևո-Չերկեսիայում, Ինգուշիայում., Մորդովիայում և Մագադանում։
Կառավարությունը, մինչդեռ, զեկուցում է ժողովրդագրական հաջողությունների մասին։ Վարչապետ Մեդվեդևը վերջերս հեռուստաեթերում հպարտացել է, թե Ռուսաստանում անցած 20 տարիների ընթացքում առաջին անգամ գրանցվել է բնակչության աճ, որը 2014-ին 30 հազար մարդ է կազմել։
Փոխվարչապետ Օլգա Գոլոդեցն էլ հայտնել է, որ աճել է կյանքի միջին տևողությունը, որն այսօր կազմում է 71 տարի։