Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Սուրբ Եփրեմ վանքում, մասնակցել են ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցի և Ասորի ուղղափառ քույր եկեղեցու մյուռոնօրհնության արարողություններին:
Արարողությունների ժամանակ ընթերցվել է Գարեգին երկրորդի պատգամը, որում, մասնավորապես, ասված էր. - «Մենք ներկայացնում ենք Եկեղեցիներ և ժողովուրդներ, որոնք կապված են ոչ միայն հավատքի նույնությամբ, այլև՝ պատմության ընթացքում կրած միևնույն ցավով ու տառապանքով, պայքարի միևնույն ոգով և արդարության նույն տենչով: Հայ և ասորի ժողովուրդները կրեցին նաև մարդկության հանդեպ գործված ոճրագործություններից մեծագույնի՝ ցեղասպանության ողջ դաժանությունն ու հետևանքները, սակայն Բարձրյալն Աստծու կամոք անսասան պահեցին իրենց հայրերի հավատքը և Քրիստոսի սիրով զորացած՝ հառնեցին նոր կյանքով»:
Վեհափառն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետի և քույր եկեղեցիների առաջնորդների մասնակցությանը, ինչպես նաև ցեղասպանությունների դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված եկեղեցիների ջանքերին:
«Այսօր էլ մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ այն բոլոր զոհերի հիշատակին, ովքեր նահատակվել ու նահատակվում են իրենց հավատքի համար: Միասնական կերպով նաև անդրադառնում և դատապարտում ենք այն անմարդկային գործողությունները, որոնք պատճառ են հանդիսանում մարդկային կյանքի կորստի», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ գրել է Գարեգին երկրորդն իր պատգամում: