Մատչելիության հղումներ

Վերադարձման ենթակա կուտակային վճարները կփոխանցվեն մինչև հուլիսի 1-ը


Վերադարձման ենթակա կուտակային վճարները կփոխանցվեն մինչև հուլիսի 1-ը
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

Կենտրոնական դեպոզիտարիան խոստանում է առաջիկայում ասուլիս հրավիրել և պատասխանել բոլոր հարցերին:

Հակասահմանադրական ճանաչված օրենքի շրջանակում դեռ անցած տարի աշխատավարձերից գանձված և վերադարձման ենթակա պարտադիր կուտակային վճարները հնարավոր կլինի ստանալ ոչ շուտ քան տասը օրից:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»-ի (ԿՀԻԿ-ի) թեժ գիծը վստահեցնում է, որ մինչև հուլիսի 1-ը բոլոր դիմումատուների հաշիվների վրա գումարն արդեն նստած կլինի:

Կենտրոնական դեպոզիտարիան երեկ տեղեկատվություն տարածեց այն մասին, որ սկսել է իրականացնել 2014 թվականի հունվարից հունիս ամիսների համար մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման գործընթացը: Սա նշանակում է, որ դեռ մարվում է ֆոնդերի փայերի գումարը:

Հաշվեհամարի տերը կարող է սեփական քարտի տվյալներով կենսաթոշակային քաղվածք հանել և հետևել այդ գործընթացին: «Ազատություն»-ը, մասնագիտությամբ հաշվապահ Շողեր Բաբայանի հետ, փորձեց այս տեղեկությունը ստուգել հենց բանկոմատներում. չորս տարբեր բանկերի բանկոմատներն էլ տվեցին նույն պատասխանը՝ գործարքը հնարավոր չէ շարունակել:

«Նախկինում բանկոմատներով կարողանում էի քաղվածք հանել և տեսնել՝ տվյալ պահին, ենթադրենք, իմ կենսաթոշակայինի փայերի կուտակումը, տոկոսները և այլն, այսօր ոչ մի ձև դա չհաջողվեց ոչ մի բանկոմատում։ Ու, բացի դրանից, ես երեք օր է արդեն շարունակ փորձում եմ իմ հաշիվը կայքով՝ online տեսնել, դա ոչ մի ձև չի հաջողվում, փակ է այդ կայքը։ Թեժ գիծ էլ եմ զանգել, իրենք մեկնաբանեցին, որ տեխնիկական խնդիր է։ Երեք օր շարունակ ես փորձում եմ ու իրենց տեխնիկական խնդիրը չի լուծվում», - ասաց Բաբայանը։

Կենտրոնական դեպոզիտարիան հրաժարվեց հարցազրույց տալ այս թեմայով՝ խոստանալով առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել բոլոր հարցերին: Դեռևս չեն հրապարակում նաև վերադարձվելիք գումարի չափը և դիմումատուների թիվը:

Ավելի վաղ, Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը ասել էր, թե խնդիրներ են առաջացել գումարը հետ պահանջողների մոտ տասը տոկոսի հաշվեհամարներում:

Այսօր հնարավոր չեղավ պարզել՝ արդյոք այդ խնդիրները շտկվե՞լ են, և կարո՞ղ է այնպես պատահել, որ որոշ դիմումատուներ խոստացված գումարը այդպես էլ չստանան:

Ի դեպ, աշխատավարձերից պահված հինգ տոկոսների հաշվին պետք է նաև որոշակի եկամուտ կուտակվեր՝ փայերի տեսքով, քանի որ այդ գումարները շրջանառության մեջ են եղել, և ֆոնդերի կառավարիչները շահույթ են ստացել:

Տասը ամիսների ընթացքում Շողեր Բաբայանի հաշվին փայերից հավաքվել էր ընդամենը 1769 դրամ: Որքանո՞վ է այդ գումարը համադրելի ապահով ծերություն խոստացող սոցիալական գովազդների հետ, արդյոք թոշակառուները կկարողանա՞ն կուտակած գումարով դահուկ, անվաչմուշկ ու մոտոցիկլ վարել:

«Այդպես ամեն տարի կկուտակեմ, ու, հուսով եմ, ապահով ծերություն կունենամ», - հեգնեց Բաբայանն ու հիշեցրեց պաշտոնյաների այն խոստումները, թե տարիների կուտակած գումարը ստանալիս գնաճն անպայման հաշվի է առնվելու: Փաստորեն, մեկ տարի անց պատկերը լրիվ այլ է:

«Մենակ տեսնում ենք՝ օգոստոսին, անցած տարվա, էլեկտրաէներգիայի աճը հենց տասը տոկոս բարձրացել էր, էս տարբերությունը գնաճի հետ բացարձակ չի համընկնում, էս նոր թանկացումը դեռ հաշվի չեմ առնում։ Ես ընդամենը կուտակել եմ 1.36 տոկոս, սա արդեն նշանակում է, որ ես բավականին մեծ կորուստ եմ ունենալու, չեմ պատրաստվում այդքան գումար կորցնել», - ասաց հաշվապահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG