Հունիսի 11-ից 12-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հայ-իրանական հերթական քաղաքական խորհրդատվությունները:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչություն փոխանցմամբ՝ հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, իրանական կողմից` Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Խորհրդատվությունների օրակարգում էին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, էներգետիկ, առևտրա-տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերը: Մանրամասն անդրադարձ կատարվեց համատեղ տնտեսական նախագծերի իրականացման ընթացքին:
Իրանի փոխարտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: