Մատչելիության հղումներ

«Իջևանի ԲԿ» նախկին տնօրենի տունը խուզարկելու համար քննիչը դիմել է աննախադեպ միջոցների


«Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը իր տանը կատարվող խուզարկության ժամանակ, Իջևան, 9-ը հունիսի, 2015թ.
«Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը իր տանը կատարվող խուզարկության ժամանակ, Իջևան, 9-ը հունիսի, 2015թ.

Իջևանում երկու օր է քննարկվում են իրավապահների աննախադեպ գործողությունները՝ Տավուշի մարզի քննչական վարչության քննիչ Մովսես Թամազյանը հունիսի 9-ի երեկոյան վերամբարձ մեքենա է բերել «Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի տան մոտ և պատշգամբով մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործել 3-րդ հարկ՝ խուզարկություն կատարելու:

Ներսիսյանը «Իջևանի բժշկական կենտրոնում» տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործում ներգրավված է որպես վկա: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ խուզարկության պահին եղել է հարևան Գետահովիտ գյուղում՝ նշում էր կնոջ ծննդյան օրը: Հարևանները զարմացել են, թե ինչ է կատարվում իրենց շենքում, ահազանգել են տան տիրոջը:

«Ասել եմ՝ կուլտուրա ունեցեք, վերջացնեմ... աշխարհի հյուրեր ունեմ... կգամ, ինչ որ պետք է՝ կանենք։ Հասկացանք, հարգում ենք՝ դատարանն էլ, վճիռն էլ։ Կգանք, կանենք», - պատմեց Հրաչյա Ներսիսյանը։

«Ազատության» հարցին ի պատասխան քննիչը նշեց, որ ինքը իրավասու չէ մեզ ներկայացնելու, թե ինչի համար է կատարում խուզարկություն:

«Քննչական գործողություններ էինք կատարում՝ խոչընդոտեցին, չեն ցանկանում խուզարկություն անենք։ Գոյություն ունի դատարանի որոշում», - ասաց քննիչ Թամազյանը։

«Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրենի ներկայությամբ խուզարկության վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: Հրաչյա Ներսիսյանը համապատասխան բողոք է ներկայացրել Տավուշի մարզային դատախազին: Դատախազ Տիգրան Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, որ «բողոքը քննարկման փուլում է»:

Երեկ այս պատմությունը նոր զարգացումներ է ստացել՝ երեկոյան Հրաչյա Ներսիսյանի հարևան Էդգար Ամիրյանը հրավիրվել է ոստիկանություն՝ որպես վկա, որտեղ նրան ձերբակալել են։

Այսօր արդեն դեպքի առնչությամբ հաղորդագրություն է հրապարակել ՀՀ քննչական կոմիտեն, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ: Հաղորդագրությունում ասվում է, թե բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու ժամանակ Հ. Ներսիսյանը և որպես վերջինիս հարազատներ ներկայացած մի խումբ անձինք մուտք են գործել բնակարան և խոչընդոտել խուզարկության կատարմանը, թեև նրանց բազմիցս բացատրվել է խուզարկությունը դատարանի որոշմամբ իրականացնելու փաստը։ Քննիչի գործունեությանը միջամտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն անջատվել է առանձին վարույթ։

Նաիրա Խաչիկյան, Իջևան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG