Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողներն ընդգծել են սահմանադրական բարեփոխումների թափանցիկությունը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը և ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում:

Հայաստանի նախագահն ասել է՝ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի այդ ոլորտներում, և իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու։

ԵԽԽՎ համազեկուցողները, ըստ պաշտոնական աղբյուրի, նշել են, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են մի շարք այլ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը և բավարարված են այս ընթացքում արձանագրված այն աշխատանքներով, ինչ արվում է Հայաստանում և Հայաստանի համար:

Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը, ըստ նրանց, եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է այդ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարևոր է նաև երկրում ԶԼՄ-ների ազատության առկայությունը:

Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը Հայաստանին օգտակար լինելն է, և միջանկյալ զեկույցի պատրաստման այս փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրներ:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG