Մատչելիության հղումներ

Նախարարը հակադարձում է Յակունինին՝ հայ-իրանական երկաթգիծը կենսական նշանակություն ունի


Նախարարը հակադարձում է Յակունինին՝ հայ-իրանական երկաթգիծը կենսական նշանակություն ունի
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հայ-իրանական երկաթգծի անհեռանկարային լինելու վերաբերյալ РЖД-ի ղեկավար Վլադիմիր Յակունինի հայտարարությունը բխում է ռուսաստանյան պետական այդ ընկերության շահերից, մինչդեռ երկաթգիծը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:

«Դա պարոն Վլադիմիր Յակունինի սուբյեկտիվ կարծիքն է, որը իրականության հետ կապ չունի։ Ես հասկանում եմ իրեն, այդ հայտարարությունը իր ղեկավարած հիմնարկի շահերից է բխում։ Դա մեր պետության, ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունեցող պրոյեկտ է, ու պիտի անպայման անենք»,- ասաց Բեգլարյանը։

Նախարարը չմանրամասնեց, թե այս պարագայում որո՞նք են ռուսաստանյան պետական ընկերության շահերը, որոնցից չի բխում հայ-իրանական երկաթգծի կառուցումը:

«Ազատության» հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքում Հայաստանի ու ռուսաստանյան ընկերության շահերը հակասության մեջ են հայտնվել, Բեգլարյանը պատասխանեց.- «Ոչ, չենք կարող ասել, որովհետև դա խիստ սուբյեկտիվ կարծիք է, իսկ սուբյեկտիվը լինում է շատ անձնական»։

«Արմինֆո» գործակալությունը օրերս հրապարակեց «Российские железные дороги» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունի հետ զրույցը, որի ժամանակ ռուսաստանցի պաշտոնյան հայտարարել է՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը զուրկ է որևէ արդյունավետությունից:

«РЖД-ի ղեկավարը վստահություն հայտնեց, որ այդ նախագիծը հեռանկար չունի»,- հաղորդում է «Արմինֆոն»՝ մեջբերելով դեռ 2011թվականին նախագահ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանով պարգևատրված Յակունինի խոսքերը.- «Դա նույնն է, ինչ պատի մեջ պատուհան բացեք դեպի ոչ մի տեղ... դեպի հարևան տան պատը»:

Իրան տանող երկաթգիծ կառուցել խոստացել էր նախագահ Սերժ Սարգսյանը: 2008թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված Սարգսյանի ուղերձում կարդում ենք.- «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Անցել է ավելի քան 6.5 տարի, սակայն այս ընթացքում Հայաստանի իշխանությունները ընդամենը կարողացան 2013-ի հունվարին կոնցեսիոն պայմանագրեր կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ, որն էլ պարտավորվեց իր միջոցներով կառուցել հայ-իրանական երկաթգիծը՝ ծրագրի ավարտից հետո իրավունք ստանալով 30 տարի շահագործել այն:

Բացի այդ, Գագիկ Բեգլարյանի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի՝ անցած տարվա նոյեմբերին Թեհրան կատարած այցելության արդյունքում համաձայնագիր ստորագրվեց, ըստ որի Հայաստանում երկաթգծի շինարարության մեկնարկից հետո, Իրանը պարտավորվում է 400 միլիոն դոլար հատկացնել մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար:

Չնայած նախագահ Սարգսյանի վերը նշված խոստմանն ու տրանսպորտի և կապի նախարար Բեգլարյանի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին, որ երկաթգծով հետաքրքրված ներդրողներ կան, անգամ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն են հրապարակավ կասկած հայտնում երկաթգծի առնչությամբ: Այս փետրվարին կառավարության վերջին նիստի ընթացքում, երբ քննարկվում էր հայ-իրանական երկաթգծին առնչվող մի հարց, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց.- «Բեգլարյան, էս հարցով մենք ընդհանրապես հույս ունե՞նք»։ «Հույս միշտ ունենք, աշխատում ենք, որ իրականացվի»,- պատասխանեց տրանսպորտի նախարարը։

Հայաստանում ողջ երկաթուղին, ինչպես էլեկտրաէներգիայի բաշխումը և գազի ներկրումն ու վաճառքը, պատկանում է ռուսաստանյան պետական ընկերությանը:

2008թ․ փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության ու РЖД-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական և անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը, ու ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ձեռնարկությունը:

2014-ի դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց՝ ըստ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և իրենց միջ կնքված համաձայնագրի, հայ-իրանական երկաթգծի կառուցումից հետո «Հարավկովկասյան երկաթուղուն» է պատկանելու երկաթգծի կառավարման առաջնային իրավունքը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, մինչ Հայաստանը փորձում է ելքեր փնտրել աշխարհի հետ կապվելու, Կրեմլը ամեն կերպ ձգտում է մեկուսացնել Հայաստանը` նպատակ ունենալով սահմանափակել հայկական անկախությունը:

«Յակունինի հայտարարությունը ես մեկնաբանում եմ առավելապես այն դաշտում, որ ըստ էության, իրենք են որոշում, թե Հայաստանը ում հետ կապվի աշխարհում, և դրա նպատակահարմարությունը չկա»,- ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG