Մատչելիության հղումներ

Սևազգեստ մայրերին այսօր էլ թույլ չտվեցին մոտենալ նախագահականին


Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը նախագահականի մոտ, 20-ը մայիսի, 2015թ
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը նախագահականի մոտ, 20-ը մայիսի, 2015թ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր կրկին նախագահականի մոտ էին։ Ոստիկաններն այսօր էլ արգելեցին նրանց նախագահականին մոտենալ՝ նշելով, որ օրենքն արգելում է նման վայրերում ակցիաներ անցկացնել։

Մայրերի խնդրանքով՝ նախագահականի մոտ ժամանեց նաև օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչը։ Նրա պնդմամբ՝ օրենքը չի արգելում նախագահականի մոտ խաղաղ ակցիայի անցկացումը։

Ոստիկանների հետ երկար բանակցելուց և ընդհանուր հայտարարի չգալուց հետո, տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների ու մայրերի միջև, կանայք մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան փողոցը։

Սևազգեստ մայրերն այժմ երթով շարժվում են օմբուդսմենի գրասենյակ՝ հարցն այնտեղ քննարկելու համար։

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները մայիսի 13-ին նախագահի նստավայրի մոտ ոստիկանների դիմադրությանը հանդիպեցին. ոստիկանները նրանց բռնի ուժով մի մայթից մյուսը տարան։ Քաշքշուկից հետո ծնողները շտապեցին ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու։

Հիշեցնենք, տարիներ շարունակ բողոքի ցույցեր անցկացնող կանայք պնդում են, որ իրենց զավակների սպանությունները բացահայտված չեն, մեղավորներն էլ ազատության մեջ են։ Նրանք դեռս անցյալ նոյեմբերին դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով լսել իրենց պատմությունները, կասկածներն ու օգնել բացահայտելու սպանությունների իրական հանգամանքները, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել։

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասները՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG