Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը տապալեց խորհրդարանի նիստը


Ընտրություններ Վրաստանում, արխիվ
Ընտրություններ Վրաստանում, արխիվ

Պահպանե՞լ, թե չպահպանե՞լ մեծամասնական ընտրակարգը․ այս հարցի շուրջ բանավեճը Վրաստանում ներքաղաքական լարվածության ծագման հերթական պատճառ է դարձել:

Բանավեճը սկիզբ առավ, երբ իշխող «Վրացական երազանք» դաշինքը` նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, խորհրդակցություն հրավիրեց` հաստատելով Ընտրական օրենսգրքի նորացված տարբերակը: Դրանում, սակայն, մեծամասնական և համամասնական ընտրակարգերի հարաբերակցությունը մնացել է անփոփոխ․ 2016 թվականի ընտրություններում ևս Վրաստանի խորհրդարանի 150 անդամներից 77-ը կընտրվեն կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում էր, որ այս հարցում իշխանական դաշինքում հակասություններ չկան: «Այսօր կայացված որոշումը արտահայտում է իշխող կոալիցիայի միասնական մոտեցումը», - ուրբաթ օրը հայտարարում էր վրացական կառավարության ղեկավարը:

Երեկ արդեն «Վրացական երազանք»-ի որոշմանն ի պատասխան ընդդիմությունը տապալեց խորհրդարանի լիագումար նիստը: Ազգային միացյալ շարժման անդամներն ու ազատ դեմոկրատները որոշեցին չգրանցվել: Քվորումի բացակայության պայմաններում խորհրդարանական մեծամասնությունն ի վիճակի չէր սեփական ուժերով շարունակել օրենսդիր մարմնի աշխատանքը:

Ազգային միացյալ շարժման պատգամավոր Գիվի Թարգամաձեի խոսքով՝ մեծամասնական ընտրակարգի պահպանությունը զգալիորեն մեծացնում է ընտրակեղծիքների հավանականությունը:

«Մեծամասնական ընտրակարգի պահպանումը նշանակում է, որ կառավարությունը պատրաստվում է հաջորդ ընտրություններում հաղթել ուժի կիրառման և հակառակորդներին ճնշելու միջոցով: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի իշխող կոալիցիայի այս որոշումը չեղյալ հայտարարվի: Խորհրդարանի նիստի տապալումը այդ քայլերից միայն մեկն էր», - նշում էր Թարգամաձեն:

Ազատ դեմոկրատների խմբակցության անդամ Իրակլի Չիկովանիի խոսքով էլ՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը վերականգնելու միակ տարբերակը իշխանության և ընդդիմության երկխոսությունն է:

«Սա ահազանգ էր կառավարությանը, որ հարկավոր է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցով համագործակցել ընդդիմության հետ: Հակառակ պարագայում կառավարությունը պարզապես ի վիճակի չի լինի խորհրդարանում որևէ օրենք ընդունել», - նշում էր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG