Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ճեն Չանջին, իր հերթին, ասել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում գործակցության խորացումը և ընդլայնումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ:
Այսօր Ճեն Չանջին ընդունել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական գործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՉԺՀ դրական ներդրումը աշխարհում խաղաղության և կայունության ապահովման և անվտանգ միջազգային մթնոլորտի ստեղծման գործում: Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից Հայաստանը հետևողականորեն սկզբունքային դիրքորոշում է հայտնում և աջակցում է Չինաստանի համար բոլոր կարևոր հարցերում, այդ թվում «Միասնական Չինաստանի» սկզբունքին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Սահակյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ, և նշել է, որ կոչ է անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձևավորմանը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանականները կարող են կարևոր դեր ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Ճեն Չանջը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջպետական համագործակցության առավել զարգացմանը և տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջում նա Գալուստ Սահակյանին պաշտոնական այցով հրավիրել է Չինաստան:
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն զոհերի հիշատակը։