Մատչելիության հղումներ

Ոչ մի դիմում-բողոք. Ընտրությունների նախնական արդյունքները վերջնական են


Ոչ մի դիմում բողոք. Ընտրությունների նախնական արդյունքները վերջնական են
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00

Անցած կիրակի Հայաստանի 32 համայնքներում անցկացված ընտրություններից հետո վերահաշվարկի կամ քվեարկությունը անվանվեր ճանաչելու դիմում բողոքներ չեն ներկայացվել, հետևաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ նախնական արդյունքներն արդեն կարելի է վերջնական համարել։

Այս ընտրություններում հաղթեցին հիմնականում Հանրապետականի թեկնածուները։ Ալավերդիում իշխող կուսակցության թեկնածուն ստացավ քվեների 57, Աբովյանում՝ 60, իսկ Արտաշատում՝ 96 տոկոսը։

Առանց մրցակցի ընտրություններում հաղթած Արգամ Աբրահամյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, «Ֆեսյբուքի» իր էջում գրել էր.- «Երբ ծանոթացա ընտրությունների արդյունքներին, հասկացա, որ ուղղակի արտաշատցիներին հուսախաբ անելու իրավունք չունեմ»։

Մինչդեռ ընդդիմությունը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում կրտսեր Աբրահամյանին տրված գրեթե հարյուր տոկոսանոց վստահությունը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ վերադարձել ենք միջնադար, ուր տիրում են ֆեոդալական կարգեր։

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուղղակի կոչվում է պետության վերացում, որովհետև 21-րդ դարում որևէ մեկը չի պատրաստվում որևէ ֆեոդալի տիրապետության տակ ապրել։ Դա է պատճառը, որ մենք տեսնում ենք արտագաղթի նման ծավալներ հատկապես այն տարածքներում, որտեղ հստակ ֆեոդալական կարգեր կան, օրինակ՝ Սյունիքում»,- ասաց Մարտիրոսյանը։

Ընդդիմադիր գործիչն ասում է, որ եթե 29-ամյա նորաթուխ քաղաքական գործիչը իր քաղաքական կապերով ու ունեցվածքով հայտնի վարչապետի որդին չլիներ, գուցե ինքը հավատար, որ նա ընտրվել է տաղանդի շնորհիվ։

«Վարչական ռեսուրս, ֆինանսական ռեսուրս՝ այդ բոլորը գումարում ես և ասում ես՝ իմ որդին արդեն սա պետք է դառնա, Հայաստանի այս հատվածը իմն է, ու էականն այն է, որ տեղի է ունենում պաշտոնի ժառանգաբար փոխանցման արարողություն»։

Երբ որևէ քաղաքում կա ընդամենը մեկ թեկնածու, խախտումները պակասում են, սակայն դա չի նշանակում, թե անցկացվել են արդար ու մրցակցային ընտրություններ, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ընտրությունների դիտորդական ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը։

«Դրա համար մենք փորձել ենք որոշակի չափով նաև ամբողջական կազմենք այդ զեկույցը, որպեսզի տեսնենք նաև խնդիրը, օրինակ՝ կա՞ն ճնշումներ թեկնածուի հանդեպ, երբ վերջինս դուրս է գալիս ընտրապայքարից»,- ասաց փորձագետը։

Հարցին, թե ո՞ր երկրներում են դեպքեր հանդիպել, երբ քաղաքապետի թեկնածուն ստանում է քվեների 96 տոկոսը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.- «Ինձ թվում է՝ բոլոր այն երկրներում, որտեղ ավտորիտար ռեժիմ է, ընտրությունները այսպիսի մակարդակով են անցկացվում, դա հնարավոր է։ Երբ իրենք մրցակցին հանում են ընտրական գործընթացից, ապա մարդ, կուսակցություն կամ խումբ չի մնում մյուսներին մոբիլիզացնելու»։

Մինչդեռ Արգամ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նշել էր, թե իրենք ոչ մեկին չեն միջնորդել կամ ստիպել, որ հեռանա պայքարից, հավաստիացրել էր, թե կցանկանար, որ մրցակցություն լիներ։

Անցած կիրակի Հայաստանի 3 խոշոր քաղաքներում տեղի ունեցած ընտրություններից հետո ընդդիմությունն ու մամուլը ևս մեկ ուշագրավ հանգամանք են նկատում։ Ըստ ԿԸՀ-ի՝ Աբովյանն ունի 43 810 ընտրող, մինչդեռ, ըստ Վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին ամիսներին քաղաքի բնակչության թիվը կազմել է 44 300։ Ստացվում է՝ ավելի քան 40 հազար բնակիչ ունեցող քաղաքում ընդամենը 500 անչափահաս է ապրում, ինչը, ըստ փորձագետների, կասկածելի է։ Արտաշատում ընտրողների թվի ու բնակչության տարբերությունը 287 է, իսկ Ալավերդիում ընտրացուցակներում 2700-ով ավելի շատ մարդ կա, քան ապրում է այդ քաղաքում՝ ըստ պաշտոնական վիճակագրության։

«Ընդհանուր թվի մեջ պետք է երևար անչափահաս տարիք ունեցող երեխաների թիվը։ Մենք չունե՞նք մինչև 18 տարեկան երեխաներ։ Բոլորը չափահա՞ս են, բոլորը մասնակցո՞ւմ են ընտրական գործընթացներին»,- խորհրդարանում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը։

Ցուցակների անճշտության վրա ուշադրություն հրավիրած ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.- «Ես հետևել եմ համայնքներում տեղի ունեցած ընտրություններին՝ որևէ մի բողոք, որևէ մի ընտրախախտում չի եղել, իսկ Ալավերդիում երկու շտաբերի ներկայացուցիչները, վստահված անձինք, լրատվամիջոցների ներկայացուցիչները որևէ խախտում չեն արձանագրել»,- ասաց նա։

XS
SM
MD
LG