Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երդվյալ ատենակալների համակարգն ամբողջությամբ ձախողված է և վերանայման կարիք ունի:
«Մենք ականատես եղանք երդվյալ ատենակալների համակարգի ամբողջական ձախողմանը: Մենք պարտավոր ենք վերանայել այն և շտկել թերությունները», - ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, պետությունը պարտավոր է պատժել հանցագործություն կատարած անձանց: «Տուժողի ընտանիքն ունի միանգամայն օրինական իրավունք՝ պահանջել, որ մեղավորը պատժվի, և պետությունը պետք է դա ապահովի: Ինչպես և ինչ տարբերակով՝ դա ապահովում են համապատասխան մարմինները», - ասել է Վրաստանի վարչապետը:
Անցյալ շաբաթավերջին երդվյալ ատենակալները 13 ժամ տևած դատական նիստի ժամանակ չեն կարողացել դատավճիռ կայացնել Լաշա Մախարաձեի սպանության աղմկահարույց գործով:
Երդվալ ատենակալների նոր կազմի ընտրությունը նախատեսված է Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ հուլիսի 10-ին: Այդ օրը լրանում է նաև ամբաստանյալի նախնական կալանքի ժամկետը:
Վրաստանի դատական համակարգում երդվյալ ատենակալներն առաջին դատավճիռը հրապարակել են 2011 թվականին: Ներդնելով երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ Վրաստանի իշխանությունները պնդում էին, որ դա կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ապահովմանը:
Երդվյալ ատենակալներն, ըստ Վրաստանի համապատասխան օրենքի, չեն կարող լինել ոստիկանության, զինված ուժերի ներկայացուցիչներ, իրավաբաններ, հոգեբաններ և հոգեբույժներ: