Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներին տրամադրվող գումարներն «անարդյունավետ են ծախսվում»


ՔԿՀ-ներին տրամադրվող գումարներն «անարդյունավետ են ծախսվում»
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Իրավապաշտպանների պնդմամբ, անցած տարի պետական բյուջեից քրեակատարողական հիմնարկներին հատկացված ավելի քան 9 մլդ դրամն անարդյունավետ է օգտագործվել։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանի խոսքով, սննդի մատակարարման մրցույթներում կա՛մ մրցակցություն չի լինում, կա՛մ հաղթում է նույն ընկերությունը։

«Հանեշ Գրուպ» ընկերությունը, օրինակ, անցած տարի հաղթող է ճանաչվել քրեակատարողական հիմնարկներին 27 տեսակի տարբեր ապրանքների համար հայտարարված մրցույթում:

«Վիճակագրությունը չփոխվեց անգամ մեկ տարի առաջ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված սննդային թունավորումից հետո, որից շուրջ 20 դատապարտյալ էր տուժել», - ասում է իրավապաշտպանը։ - «Երբ որ թունավորում եղավ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, այնտեղ հյութի հետ կապված խնդիր էր․․․ նույն կազմակերպությունը 27 տարբեր տեսակի ապրանքների ձեռք բերման համար հաղթող էր ճանաչվել: Այսինքն կապ չունի՝ հյութ, մյուս պարագայում կարտոֆիլ էր, մյուս պարագայում ոսպ․․․»:

Պաշտոնական հաշվետվությունների համաձայն, անցած տարի հայտարարված մրցույթներին հիմնականում մասնակցել է չորս ընկերություն: Երկուսի դեպքում առաջարկներն անբավարար են գնահատվել։ Մյուս դեպքերում փորձառությունն է պակասել, և հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը՝ «Հանեշ Գրուպ»-ը։ Հատկանշական է, որ բոլոր մրցույթներում, որտեղ մրցակցություն է եղել, հաղթող ճաչաված ընկերությունը առաջարկել է շուկայականից ավելի ցածր գին։

«Հանեշ գրուպ» ՍՊԸ-ն օրինակ թեյի մեկ կիլոգրամի համար ներկայացրել է երկու հազար դրամի հայտ, ինչը շուկայականից երեք անգամ ավելի էժան է։ Իրավապաշտպանը պնդում է՝ գինը նվազեցնում են որակի հաշվին» - «Պետական բյուջեից գումարը հատկացվում է, թարմ մսի փոխարեն ձեռք է բերվում սառեցված միս՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ պահածոյացված միս: Նույնը՝ ձկան պարագայում»։

Հայկուհի Հարությունյանի խոսքով, իրենց կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ սննդի կալորիականությունն ապահովվում է գերազանցապես հացի միջոցով, որը հում են թողնում համապատասխան քաշ ստանալու համար։

«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը որը զբաղվում է հացամթերքի մատակարարմամբ, նաև անասնաբուծարան ունի, և, ըստ Հարությունյանի, կասկածներ կան, որ մեծ մասն այնուհետև այստեղ է ուղարկվում:

Ֆինանսների նախարարությունից հասարակական կազմակերպությանը պատասխանել են, աշխատանքներ են տարվում պետական գնումների գործընթացը ավելի թափանցիկ եւ արդյունավետ կազմակերպելու համար: Մինչդեռ Արդարադատության նախարարությունում պնդում են՝ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։

«Ազատության» հարցին ի պատասխան Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չընդունեց, թե ոլորտում խոշոր չարաշահումներ կան․ - «Ես ինքս ասացի, որ սնունդի որակից գոհ չեմ: Բայց չեմ կարող համաձայնել այդ ապօրինությունների, ահռելի չարաշահումների հետ, որովհետև այդ տեղեկությունները ինչ-որ հասարակական կազմակերպությունների տեղեկություններ են, որոնց հետ թույլ տվեք չհամաձայնել։ Այո, լավը չէ, թեև տանելի է, որովհետև, եթե հիշում եք ես ինքս նորանշանակ պետի հետ, Օսիկյանի հետ, անսպասելի ենք գնացել, անակնկալ, որպեսզի չպատրաստվեն, փորձել ենք դատապարտյալների հետ էդ կերակուրը, տանելի է»։

Նախարարը, նշում է, որ սննդի խնդիրները կապված են ոչ միայն անբարեխիղճ աշխատանքի հետ, այլև ավելի շատ համակարգային են․ - «Լուծումներ են պետք, որոնք այս պահին դժվար է իրականացնել, որովհետեւ պահանջում է բավականին լուրջ ուսումնասիրություններ՝ նաեւ համաշխարհային փորձի ուսումնասիրություն»:

Հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով, մինչդեռ, տարիներ շարունակ ապրանքատեսակների մեծ մասը դատապարտյալների կողմից ընդհանրապես չի սպառվում, իսկ պետական բյուջեից շարունակաբար նույն չափով հատկացումներ են իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG