Մատչելիության հղումներ

Նախարարն ասում է՝ սփյուռքահայերն արձագանքում են բանկերում ավանդ դնելու իր կոչին


Նախարարն ասում է՝ սփյուռքահայերն արձագանքում են բանկերում ավանդ դնելու իր կոչին
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

Նախարարը հպարտանում է՝ իր նախաձեռնության մասին անգամ արտասահմանյան մամուլն է գրում։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հպարտանում է՝ Հայաստանի բանկերում ավանդ դնելու իր կոչին սփյուռքահայերը արդեն արձագանքում են։ Պնդեց՝ սա ապացուցում է, որ սփյուռքահայերին ուղղված՝ հազար դոլար Հայաստանի բանկերին պահ տալու իր առաջարկը տեղին էր։

«Ես ընդունել էի «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինների 30 հոգանոց պատվիրակությունը, երբ մեր հանդիպումը ավարտվեց, նրանք ձեզ նման չէին հետաքրքրված այս թեմայով։ Կանադայի ներկայացուցիչը առաջարկեց՝ գնանք և բոլորս հաշվեհամարներ բացենք բանկերում։ Բոլորը միայն ծափահարեցին, որ այո, պետք է գնալ և բացել», - ասաց Հակոբյանը։

Նախարարը հպարտացավ՝ իր նախաձեռնության մասին անգամ արտասահմանյան մամուլն է գրում, թե ինչ՝ չմանրամասնեց, փոխարենը պատմեց, թե որն է հաջողության գաղտնիքը։

«Որպես Սփյուռքի նախարար ես պարտավոր եմ Սփյուռքին տեղեկացնել, որ Հայաստանի բանկերում ավանդները 6-18 տոկոս են, եթե դուք դնում եք, դրանով շահում եք», - ասաց նա։

Սփյուռքի նախարարը նույն հպարտությամբ այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր ղեկավարած կառույցի բյուջեի կատարողականը։ Պատմեց, որ հայապահպանությամբ են զբաղվում, տարբեր համերգային միջոցառումներ են կազմակերպել, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին են ակտիվ ներգրավվել։

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քննադատեց՝ նախարարության աշխատանքը բավարար չէ. ըստ նրա, սփյուռքահայերը սկսել են քիչ գումար ուղարկել Հայաստան, ներդրումները քչացել են, հայրենիք եկողների թիվն է նվազել։

«Կտրուկ պակասում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, ներդրումները, բիզնես սկսելը, Հայաստան գալը։ Դուք Կառավարության անդամ եք, արի տուն ասելով, խնդիրը չի լուծվի», - ասաց Մանուկյանը։

Սփյուռքը Սփյուռքի նախարարությանը վստահում է՝ հակադարձեց Հրանուշ Հակոբյանը։ «Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռքներս ծալենք նստեն։ Ներողություն, որպես Կառավարության անդամ, իմ առաջ խնդիր է դրված ծրագրեր իրականացնել, և ես այսօր հայտարարում եմ, որ մենք ծրագրերը իրականացնում ենք, չենք տապալում, չենք ավերում, Սփյուռքի հետ կռիվների մեջ չենք մտնում», - ասաց նախարարը։

Թե ինչու էր Արամ Մանուկյանը իրեն քննադատում, սփյուռքի նախարարը գիտեր, ասաց, որ ընդդիմադիր լինելն է պատճառը, մինչդեռ սփյուռքահայերը Հայաստանին վստահում են, թեև վիճակագրությանը տեղյակ չէ, բայց վստահ է՝ սփյուռքահայերը շարունակում են իր կոչին արձագանքել։

«Օրեր առաջ ես նամակ եմ ստացել նորից Կանադայից, մի մարդ է, որն ասում է՝ «ես 1994 թվից հետո չեմ եղել Հայաստանում, երեք աղջիկներիս բերելու եմ, և ոչ թե հազար, այլ երեք հազար եմ բացելու ամեն աղջկաս համար»», - ասաց նախարարը։

Ավանդների ու ներդրումների ավելացման մասին պաշտոնական հավաստիացումները պատգամավոր Արամ Մանուկյանն անլուրջ համարեց, ասաց՝ վիճակագրական տվյալներն է ուսումնասիրել, նման բան չկա։

«Երբեք որևէ խելոք մարդ Հայաստան հիմա չի գա, ինչքան ուզում է Հրանուշն ասի՝ արի տուն, հետո, բա Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն ասում են գնա էստեղից, արագ գնա, ինչքան կարաս», - ասաց Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG