Բրազիլիայի Սենատը առայժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը

Բրազիլիայի Սենատը առայժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը

No media source currently available

Հայաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, պաշտոնապես տեղեկացրել է, թե Բրազիլիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

Բրազիլիայի Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի քարտուղարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեցին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Սենատում առայժմ չի ընդունվել:

Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը այսօր «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, թե Սենատը որոշումը կայացրել է, սակայն այն առայժմ պաշտոնական փաստաթուղթ չէ և դեռ անցնում է անհրաժեշտ ընթացակարգով:

Հարցին, թե արդյոք որոշումը քվեարկությամբ է ընդունվել, Գալոյանը պատասխանեց․ - «Քվեարկության կարիքը չեն ունեցել իրենք: Իրենք ասում են՝ հանձնաժողովի որոշումից հետո հավաքվում են սենատորների ստորագրություններ: Կա ներքին կարգով հստակ քանակը այդ ստորագրությունների, իրենք իրենց գործը արել են այդ առումով: Բայց որպեսզի դա դառնա փաստաթուղթ, ինչպես Դուք եք ակնալում, ես էլ դա ճշտում իրենցից հիմա, թե երբ պատրաստ կլինի: Ասում են՝ այսօրվա ընթացքում, վաղը․․․ այս ընթացքի մեջ են մի խոսքով իրենք»:

«Անկեղծ ասած՝ կարող եմ փոխանցել իրենց, իրենց հետ խոսեք: Բայց չգիտեմ, դրա կարիքը ունե՞ք, թե՞ չէ: Իրենք ասում են՝ լավ է մեդիաները սպասեն մինչև դա դառնա փաստաթուղթ, նոր հրապարակենք: Իրենք են խնդրում, որպեսզի դա դառնա վերջնական կնքված, ստորագրված փաստաթուղթ և դրվի իրենց բյուլետենի մեջ, որից հետո նոր արդեն խոսենք այդ թեմայով»:

Իսկ հարցին, թե երբ կարելի է ակնկալել փաստաթղթի ընդունումը, դեսպանն արձագանքեց․ - «Ես հիմա Սենատում եմ, ես էլ Ձեզնից ոչ պակաս եմ հետաքրքրված, որ վերջնական այդ թուղթը ստանամ: Իրենք ժամ առ ժամ աշխատում են դրա վրա»:

Մինչդեռ մայիսի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր․ - «Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած թիվ 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»:

Ավելին՝ երկու օր անց արտգործնախարարությունը տարածեց նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ «այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»:

Մայիսի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը․ - «Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվում է: Բրազիլիայի դաշնային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև»:

Արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը այսօր «Ազատությանն» ասաց, որ նախարարության տարածած հաղորդագրություններին ավելացնելու ոչինչ չունի:

Հայ դատի Բրազիլիայի հանձնախումբը նույնպես պնդում է, որ Սենատում նման բանաձև չի ընդունվել: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք ակնկալում է, որ խորհրդարանի վերին պալատը, այնուամենայնիվ, առաջիկայում կընդունի բանաձևը, և միայն դրանից հետո Բրազիլիան կմիանա այն երկրների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

«Մեկ տեղեկությունը, որ կա․ բանաձևի հեղինակ սենատորը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է՝ ներկայացրեցինք և որդեգրվեց: Մի քիչ շփոթ է, պետք է ասել: Հայ դատի հանձնախմբի տեղեկություններով, տակավին չի հասել քննարկման և քվեարկության Սենատի լիագումար նիստին: Շատ էլ պարզ չէ, երբ սենատորը իր «Ֆեյսբուքի» էջում է ասում է, որ ներկայացրեցինք և որդեգրվեց, այդ ում կողմից է որդեգրվել՝ հանձնաժողովի՞, թե՞ լիագումարի»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով մի քանի օր է հետևում է զարգացումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Իմ տպավորությամբ, արտգործնախարարությունում ևս այնքան էլ մանրամասնորեն չեն տիրապետում, թե այդ ամենը ինչ ընթացակարգով է եղել»:

​
XS
SM
MD
LG