Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նախ կայացել է կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:
Վարչապետները քննարկել են ԱՊՀ-ի շրջանակում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը, հաստատել տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը անդամ երկրների տարածքում, մինչև 2020 թվականը միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հավանություն է տրվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020 թվականների համար:
Կառավարությունների ղեկավարներն ստորագրել են մի շարք համաձայնագրեր, հաստատել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում պաշտոնյաների նշանակումներ:
Որոշվել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Դուշանբեում:
Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են նաև, որ Բուրաբայում երեկ երեկոյան տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանը առանձնազրույցը Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: