Մատչելիության հղումներ

Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է ՔԿՀ-ներում բուժսպասարկման վատ որակի մասին


Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է ՔԿՀ-ներում բուժսպասարկման վատ որակի մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

ՀԿ-ին ահազանգել է դատապարտյալ, ով բուժսպասարկում չի ստանում, մինչդեռ մի շարք հիվանդություններ ունի։

Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման վատ պայմանների մասին։ «Նուբարաշեն»-ում կալանավորված Հրաչ Գևորգյանը ասոցիացիային է դիմել իրեն օգնելու խնդրանքով՝ նշելով, որ բուժսպասարկում ընդհանրապես չի ստանում, մինչդեռ մի շարք հիվանդություններ ունի։

Իրավապաշտպան կազմակերպության անդամ Արման Վեզիրյանի խոսքով, բանտարկյալի կյանքին վտանգ է սպառնում, իսկ հիմնարկի ղեկավարությունը պարզապես անտեսում է դա և հիվանդանոց տեղափոխվելու փոխարեն նրան շարունակում պահել բանտում։ Իրավապաշտպանը նշեց, որ դատապարտյալը նշել է, որ կուրանում է, ունի վիրուսային Հեպատիտ C, թութք, շնչառական ուղիների արգելափակում, խնդրել էր վիրահատական ճանապարհով որովայնից հանել մեխը, որն ի նշան բողոքի նա ավելի վաղ կուլ էր տվել, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան»:

«Չի կարում խոսա, չի կարում քայլի, ինչ տեղափոխվել ա վերակենդանացման բաժանմունք: Դրանից հետո, դուրս գրվելուց մոտ 10-15 օր հետո տեղափոխվել ա դատապարտյալների հիվանդանոց, որտեղ չի ստացել ոչ մի բուժում, արգելվել ա նրա մոտ փաստաբանի մուտքը, որովհետև ինքը չի կարողանում քայլի, չի կարող գնալ, փաստաբանին էլ ներս չի կարելի։ Դատապարտյալների հիվանդանոցում ասում են, իրան ֆիզիոթերապևտիկ բուժում ա պետք, ֆիզիոթերապևտիկ բուժում բերդում պիտի՞ անեն, որ կա մի հատ ատամնաբույժ, մի հատ հոգեբան, մի հատ էլ ռենտգեն անող», - ասաց Վեզիրյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից հերքում են ազատազրկված Հրաչյա Գևորգյանի պնդումները։ Վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը պնդեց, որ քրեակատարողական հիմնարկում նա բուժվում այնպես, ինչպես մյուս հիվանդները:

Տիգրան Առաքելյանը, ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկու տարի է անցկացրել, պատմում է, որ բուժսպասարկման հարցում ինքն անձամբ խնդիրներ չի ունեցել, սակայն ականատես է եղել, որ դատապարտյալների հիվանդանոց ուղարկվում են այն մարդիկ, ովքեր բուժման կարիք չունեն։

«Տեղափոխումը էնտեղ․․․Հնարավոր ա մարդ հիվանդ էլ չլինի, բայց կոռուպցիայի շնորհիվ դատապարտյալների հիվանդանոցում մի ամբողջ կալանք էնտեղ անցկացնի, բայց իրական հիվանդը մնա խցում, ասեն ինքը ձևացնում ա, իրան չենք կարող տանենք», - ասաց Առաքելյանը։

Իրավաբան Հասմիկ Հարությունյանը, ով քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է, պնդում է՝հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են կալանավորները հիվանդանոց տեղափոխվում․ - «Բացի այդ, դատապարտյալների հիվանդանոցը նախատեսված է միայն տղամարդկանց համար, և խնդիրներ ունենալու դեպքում կանայք պետք է բուժվեն քաղաքացիական հիվանդանոցներում՝ սեփական միջոցներովկամ սպասարկում ստանան կալանավայրում, որտեղ համապատասխան պայմաններ չկան»:

«Կամ դատապարտյալներին տրվում է միևնույն տեսակի դեղը անկախ նրանից, տվյալ դատապարտյալը ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի և խնդիր է նաև այդ դեղորայքի թվի պակասը։ Բազմաթիվ են եղել դեպքերը, որ բացակայել են կոնկրետ հաստիքում կոնկրետ մասնագիտացված բժշկի առկայությունը և տվյալ հաստիքը ամիսներ, տարիներ շարունակ մնացել է թափուր։ Լավագույն օրինակը Վանաձոր քրեակատարողական հիմնարկն է, որ միայն վերջերս է բժիշկով համալրվել», - ասաց իրավաբանը։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ընդունում է, որ ֆինանսների սղության պատճառով դատապարտյալների բուժսպասարկումը կատարյալ համարել չի կարելի։ Պատճառաբանում է, թե որակյալ բժիշկները չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել, տեխնիկական հնարավորություններն էլ սահմանափակ են։ Նախարարը, սակայն խոստանում է, որ այս խնդիրները մոտ ապագայում լուծվելու են։

«Մենք չենք փորձում սահմանափակվել միայն բյուջետային հնարավորություններով և վերջին տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ են եղել և հատկապես Եվրախորհրդի հետ, եվրոպացի գործընկերների հետ մոտավորապես 980 հազար եվրոյի, եթե չեմ սխալվում, ծրագիր ենք նախաձեռնում, որը ուղղված է լինելու ՔՀԿ-ների բուժ մասերի արդիականացմանը և վերազինմանը», - ասաց արդարադատության նախարարը։

Դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանի խոսքով, սակայն, խնդիրները կարելի է լուծել նաև այսօր՝ համակարգային մի քանի փոփոխություններ անելով, իսկ լուրջ հիվանդություններ ունեցողներին՝ ազատ արձակելով։ Նրա խոսքով, օրենքով սահմանված այսպիսի հնարավորություն կա, մինչդեռ պրակտիկայում բացակայում են նման դեպքերը։

«Գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ դատապարտյալները շարունակում են ապրել անմարդկային պայմաններում: Երկու անձինք քնում են հերթափոխով, մեկը՝ գիշերը, մեկը՝ ցերեկը, եթե բացակայում է օդափոխության համակարգը, եթե ամառվա շրջանում շոգն այնքան շատ է, որ անձը կարող է իրեն վատ զգալ ու չկա օդափոխություն, էդ ամեն ինչը հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի», - փաստեց դիտորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG