Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների հետ բախումներում 1 ուկրաինացի զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են։
Միևնույն ժամանակ, ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմը անցած օրվա ընթացքում հրադադարի մասին համաձայնագիրը խախտել է 27 անգամ։
Ուկրաինայի արևելքում բախումները շարունակվում են՝ չնայած փետրվարի կեսերին հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը։ Կողմերի միջև ռազմական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, սակայն կողմերը շարունակում են մեկմեկու մեղադրել հրադադարը խախտելու մեջ և գրեթե ամեն օր հաղորդում են նոր զոհերի և վիրավորների մասին։