Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա՝ «Հայկական մշակույթի շաբաթ» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են Հայաստան - Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի, Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի և Ճապոնիա - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ:
Մայիսի 24-ին խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Տոկիոյում անցկացված «Հայկական մշակութային շաբաթ» խորագրով միջոցառման փակման արարողությանը, որտեղ Շարմազանովը հանդես կգա ելույթով: