Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործով հարցաքննվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն


Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործով հարցաքննվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

«Պարզելու համար տեսե՞լ ենք, թե՞ չենք տեսել, եղե՞լ ենք, թե՞ չենք եղել, որտե՞ղ ենք եղել․․․ Եվ ստացել սպառիչ պատասխաններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը՝ կտրականապես հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ միջադեպին:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Կապան-Գորիս ավտոաճանապարհին Սյունիքի մարզպետին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ երեկ արձակված կրակոցների վայրում հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Քրեական գործով մշակվել են մի շարք վարկածներ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։

Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են փորձաքննություններ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կրակոցների ժամանակ «Լեքսուս»-ում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից բացի եղել են, նրա օգնականը և վարորդը։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածների հատկանիշներով։

Հարցաքննվածներից մեկն էլ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանն է:

«Պարզելու համար տեսե՞լ ենք, թե՞ չենք տեսել, եղե՞լ ենք, թե՞ չենք եղել, որտե՞ղ ենք եղել․․․ Եվ ստացել սպառիչ պատասխաններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը՝ կտրականապես հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ միջադեպին:

Կարապետյանն ասաց, որ այլ մարդկանց ևս կանչում են հարցաքննության:

Տիգրան Կարապետյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ, ով, ըստ գործարարի զրպարտել է իրեն ու հերյուրանքներ տարածել իր հասցեին։

Վոլոդյա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Կարապետյանը սպառնացել է Սյունիքի մարզպետին․ - «Ես իմ բազմաթիվ հոդվածներում և իմ խոսքում միշտ ասել եմ, որ Տիգրան Կարապետյանը սպառնացել է Սյունիքի մարզպետին: Ես անընդունելի եմ համարում, որ ինչ-որ մեկը սպառնա արցախյան ազատամարտի հերոս հրամանատարին և բարձր իշխանական դիրք գրավող Սյունիքի մարզպետին: Ես դա ասել եմ դեռ տասը օր այս դեպքից առաջ: Թե նրան ինչու համար են կանչել, ես չեմ կարող ասել»:

Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում՝ խուսափելով վարկածներ առաջ քաշել․ - «Ինչ էլ ասենք, կարող է ընդամենը ունենալ վարկածի կարգավիճակ: Ինքն է իր վրա սարքել․․․ թե իսկապես ինչ-որ մեկը պոռթկացել է, փորձել է ինչ-որ պատասխան տալ․․․ Շատ դժվար է ասել: Ոչ էլ կարող ենք հույս դնել մեր արդարադատության վրա կամ մեր իրավապահ մարմինների վրա, որովհետև նրանք առաջնորդվում են, ինչպես փորձն է ցույց տալիս, նման դեպքերում բացառապես քաղաքական նկատառումներով և ցուցումներով վերևից: Այսինքն իրավապահ մարմինները կհաստատեն այն վարկածը, որը քաղաքականապես ընդունելի կդառնա ղեկավարության համար»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատականը հստակ է՝ անպատժելիության մեջ մեղադրվող մարզպետի դեմ մահափորձը արհեստական է․ - «Որը հետապնդում է մեկ նպատակ՝ շեղել իբրև թե Սյունիքի մարզպետ պարոն Սուրիկ Խաչատրյանը ինքն է զոհի կարգավիճակում, այլ ոչ թե նա ունի զոհեր»:

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս դատապարտում է «նման տհաճ իրավիճակները»։ Նրա կարծիքով, սա այն գործը չէ, որ իրավապահները չկարողանան բացահայտել։

Չցանկանակով միջամտել նախաքննությանը՝ Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ լուրջ չի համարում վարկածը, որ միջադեպի հետեում կանգնած է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը․ - «Ինձ թվում է, որ դա շատ ավելի վտանգավոր վարկած է, նաև ինքը փորձառու անձնավորություն է, չեմ կարծում, որ այդ վարկածը իմաստ ունի նույնիսկ քննարկել: Ես չեմ ցանկանում դատողություններ անել, որովհետև նման դատողությունները բավականին խանգարում են ընդհանրապես հանրության կարծիքին, և եթե հանկարծ քաղաքական գործիչը, առավել ևս իշխանության ներկայացուցիչը որևէ դատողություն անի, արդեն կարող են մեկնաբանել, որ իրավապահներին ուղղություն են տալիս»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մինչդեռ, ուշագրավ է համարում մեկ այլ հանգամանք՝ մարզպետի ու նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ այլ միջադեպերի ժամանակ իրավապահներն այդքան օպերատիվ չէին, որքան երեկվա կրակոցներից հետո․ - «Սուրիկ Խաչատրյանի ձեռամբ կամ նրա ընտանիքի անդամների ձեռամբ կատարված բազմաթիվ հանցագործությունների դեպքերի հետ կապված, երբ համապատասխան կառույցները՝ ոստիկանությունը, քննչական մարմինները օրեր շարունակ կամ ամիսներ շարունակ որևէ գործողություն չեն կատարել կամ շարունակում են չկատարել կոնկրետ դեպքերի կապակցությամբ: Իսկ այս դեպքով օպերատիվ արձագանքը նույնպես կասկածի տեղիք է տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG