Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հարցերի շուրջ: Այս մասին «Թուրան» գործակալության վաշինգտոնյան թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Թոմ Մալինովսկին պլանավորել էր այցելել Բաքու՝ քննարկելու քաղաքացիական հասարակության և արևմտյան ինստիտուտների դեմ շարունակվող բռնաճնշումների հարցը, սակայն վերջին պահին այցը չեղյալ է հայտարարվել: Գործակալության տվյալներով՝ Ադրբեջանն է հրաժարվել հանդիպումից:
«Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը երկխոսության մասին պայմանավորվել են ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի՝ փետրվարին Բաքու կատարած այցի ընթացքում: Սակայն մենք չեն կարծում, որ նման երկխոսությունը արդյունավետ կլիներ ներկա իրավիճակում: Սա մեր գնահատականն է և մեր որոշումը», - «Թուրան»-ի հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Այս ֆոնին Բաքվից և Վաշինգտոնից կոչեր են ուղղվում Օբամայի վարչակազմին՝ «կոշտ քայլեր» ձեռնարկել Ադրբեջանի պաշտոնական դեմքերի նկատմամբ, եթե ազատ չարձակվեն քաղբանտարկյալները և չդադարեցվեն արշավն ու մեղադրանքները, իբր ամերիկացիները պլանավորում են ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում:
«Թուրան»-ը գրում է նաև, որ Մալինովսկու այցի չեղյալ հայտարարելը Վաշինգտոնում ճիշտ են համարում, քանի որ այս իրավիճակում Բաքվի հետ երկխոսությունը «անիմաստ և ձևական» բնույթ կկրեր: