Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի Ազգային զբոսայգին վերակառուցվում է


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքից՝ Կապիտոլիումից մինչև Վաշինգտոնի անվան հուշարձանը մոտ երկու կիլոմետր ձգվում է կանաչապատ մի տարածք։ Ազգային զբոսայգի անվանումը ստացած այս տարածքն արդեն երկար տարիներ ուներ վերափոխման կարիք։ Եվ այդ նպատակով արդեն անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում։

20 տարի գոլֆի դաշտերի խնամքով զբաղվելուց հետո, Մայքլ Սթեքովիցը ներկայումս ղեկավարում է աշխարհում ամենահայտնի տարածքների տորֆի մշակումը:

«Ինձ համար մեծ պատիվ է զբաղվել այս տարածքների մշակման աշխատանքներով, քանի որ ամեն տարի այստեղ ավելի քան քսանհինգ միլիոն մարդ է այցելում», - ասում է նա:

Տարիների ընթացքում, միլիարդավոր մարդկանց այցելությունների հետևանքով հողն այստեղ շատ է կարծրացել։

«Շատ դժվար է այս հողը փխրեցնել: Դա խոսում է այն մասին, որ հողը աղյուսի նման կոշտ է դարձել», - նշում է Սթեքովիցը:

Այսպիսի քարքարոտ հողում միայն մոլախոտ կարող է աճել, մինչդեռ այսօր այդ վիճակում է ամբողջ զբոսայգու տարածքը:

Տարածքը վերականգնելու համար 45 միլիոն դոլար է հատկացվել: Եվ վերակառուցման աշխատանքները բառացիորեն սկսվելու են զրոյից:

Քարացած հողը պետք է հանվի և փոխարինվի այնպիսի հողով, ինչպիսին սովորաբար լցնում են բեյսբոլի դաշտում:

Վերակառուցումից առավելագույն արդյունք ստանալու նպատակով, թարմացվելու է նույնիսկ խոտը՝ գիտաշխատողների կողմից առաջարկվող տարբեր տեսակներով:

«Հաշվի առնելով այն, որ այս տարածքը աշխարհում առավել ծանր երթևեկություն ունեցող հատվածներից մեկն է, մենք փորձում ենք ստանալ մարդկանց ծանրությանն առավել դիմացկուն ու պինդ տորֆ»:

Բանվորները նաև ջրամբարներ են տեղադրելու, որոնց մեջ կհավաքվի 4 միլիոն լիտր անձրևաջուր: Սթեքովիցի կարծիքով՝ ջրամբարները ուժեղ փոթորիկների ժամանակ կնպաստեն աղտոտման նվազեցմանը:

«Վաշինգտոնում փոթորիկների դեպքում անձրևաջրերը հավաքվում են փոթորիկների համար նախատեսված կոյուղում։ Սակայն դրանց գերծանրաբեռնվածության դեպքում կոյուղու կեղտաջրերի հետ միասին երբեմն լցվում են Պոտոմակ գետը»:

Սակայն ստորգետնյա այս ցիստեռնները թույլ չեն տա, որ անձրևի ջրերը հոսեն դեպի կոյուղի։ Բացի այդ, պահեստավորված ջուրն անհրաժեշտության դեպքում կօգտագործվի սիզամարգերը ոռոգելու նպտատակով։

Կառուցողական աշխատանքների առաջին մասը ավարտված է: Վաշինգտոնի Ազգային զբոսայգին լիովին վերափոխված կլինի մինչև 2017 թվականի՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG