Մատչելիության հղումներ

Շարմազանովը ելույթ է ունեցել Աթենքի հրապարակում կայացած արարողությանը


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Աթենքի Սինտագմա հրապարակում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես հայտարարելով. - «Այսօր՝ մայիսի 19-ին, մենք հիշում ենք 20-րդ դարասկզբի ամենամեծ աղետներից մեկի՝ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի և փոքրասիական հույների հիշատակի օրը: 20-րդ դարի մարդկության պատմության ամենաողբերգական և ամոթալի էջերից մեկը եղել է Թուրքիայի կողմից քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Այսօր միաբանվելով հին Էլլադայի ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող Աթենքի սրտում՝ ի լուր ողջ աշխարհի հայտարարում ենք մեր հավատարմությունը ցեղասպանության միջազգային դատապարտմանը և ընդդեմ թուրքական ժխտողականությանը»:

«Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից: Պատահական չէ, որ 1915 թվականի հոկտեմբերին Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշան լկտիաբար հայտարարեց, որ հույների խնդիրը կլուծի նույն կերպ, ինչպես լուծեց հայերինը: Նույն այդ օրերին Զմյուռնիայում բարձրացավ հույն ժողովրդի բնաջնջման առաջին ալիքը: 1919 թվականի մայիսի 19-ին Քեմալ Աթաթուրքը Սամսունում սկիզբ դրեց Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության երկրորդ ալիքին: Նրա հրամանով այրվեցին Զմյուռնիայի հունական և հայկական թաղամասերը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր հույներ և հայեր: Պատահական չէ, որ Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի աղետի մասին նշել է՝ Քեմալն այն մոխրի վերածեց՝ բնաջնջելով ողջ քրիստոնյա բնակչությանը: Քեմալն իր հերթին լկտիաբար հայտարարեց, որ այլևս Թուրքիան ազատվել է օտարներից և պատկանում է միայն թուրքերին», - ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը:

Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ «ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղին հիշողությունն ու պահանջատիրությունն է»: «Միայն դատապարտելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները՝ մենք կարող ենք փակել բոլոր դռները նոր ցեղասպանությունների առջև: Այսօր՝ մայիսի 19-ին՝ Օսմանյան Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը, մենք մեր վճռական «ոչ»-ն ենք ասում թուրքական ժխտողականությանն ու ցեղասպանությանը, և մեր վճռական «այո»-ն՝ ցեղասպանություն երևույթի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG