Այսօր Բրյուսելում բանակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Օրակարգում Ուկրաինայի հարցով Գերմանիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ Մինսկում կնքված խաղաղության համաձայնագրի կատարումն է։
Լավրովը Բրյուսել է մեկնել Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի տարեկան հավաքին մասնակցելու համար։
Ռուսների կողմից Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայում անջատականներին աջակցելու հետևանքով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններն իջել են «սառը պատերազմի ավարտից» ի վեր ամենացածր մակարդակի։
Բրյուսելից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, ռուսական կողմն այլևս չի ընդդիմանում Եվրամիության և Ուկրաինայի առևտրի պայմանագրին, որը պետք է գործի հաջորդ տարեսկզբից։
Խոսքն Ասոցացման պայմանագրի մաս կազմող խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրի մասին է։ Կիևն ու Բրյուսելը 2014-ին ստորագրել են Ասոցացման պայմանագրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական բաժինները՝ պայմանավորվելով, որ տնտեսականն ուժի մեջ կմտնի 2015-ից, բայց անցած տարվա սեպտեմբերին Եվրամիության առաջարկով ազատ առևտրի համաձայնության կիրառումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։
Բրյուսելն այդպես նկատել է տվել, որ ցանկանում է հաշվի առնել ռուսական կողմի մտահոգությունները, ակնկալելով, որ դրա դիմաց Մոսկվան Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չի կիրառի և կնպաստի Ուկրաինայի արևելքում խաղաղության ջանքերին։
Ռուսները հորդորում էին եվրոպացիներին 2016-ի հունվարի 1-ից հետո էլ չկիրառել Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնությունը, սակայն հասկացան, որ դա հնարավոր չէ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Բրյուսելում Եվրամիության և Ուկրաինայի պաշտոնյաների հետ բանակցելուց հետո ասել է, թե ռուսական կողմն այլևս դեմ չէ, որ 2016-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի Եվրամիության և Ուկրաինայի ազատ առևտրի ռեժիմը։
«Ես չափավոր լավատեսությամբ եմ հեռանում այս բանակցությունից, մենք լսում ենք իրար, ԱՊՀ շրջանակներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված և դեռ ուժի մեջ գտնվող պայմանագրերին ապագայի, ինչպես նաև ռուսական բիզնեսի վերաբերյալ մեր մտահոգություններն ընդունվում են, մենք մեր գործընկերների հետ փորձում ենք գտնել այդ հարցերի պատասխանները»,- ասել է Ոլյուկաևը։
Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի փոխանցմամբ, Բրյուսելում եռակողմ քննարկումների կարևոր արդյունքներից մեկն այն է, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև ազատ առևտրի ռեժիմը չի հետաձգվի և կսկսի գործել 2016 թվականի հունվարի 1-ից։
Ռուսական և ուկրաինական կողմերի փորձագետները մինչև այս տարվա հուլիս աշխատելու են առավել վիճահարույց հարցերի վրա։
Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանը Ասոցացման պայմանագրից հրաժարվելու՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի որոշումն էր հանգեցրել Մայդանի ցույցերին, բախումներին և իշխանափոխությանը։
Նոր իշխանությունը հայտարարել է, որ հստակ ընտրում է եվրոպական ինտեգրման ուղին։ Ի պատասխան դրան, Մոսկվան գրավել է Ղրիմը, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել, Ուկրաինայի արևելքը ռուս անջատականների գործողությունների հետևանքով ներքաշվել է լայնածավալ պատերազմի մեջ, որի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 6100 մարդ։