Մատչելիության հղումներ

Քաղաքական և սոցիալական ուղերձներ՝ եվրատեսիլյան բեմում


Քաղաքական ուղերձներ՝ եվրատեսիլյան բեմում
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

«Եվրատեսիլ»՝ քաղաքականություն երաժշտական ֆոնին: Մինչդեռ եվրոպական այս խոշորագույն մրցույթն ի սկզբանե պայման էր դրել բացառել քաղաքական ենթատեքստ ունեցող երգերը։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցած գիշեր տեղի ունեցավ «Եվրատեսիլ» 60-րդ հոբելյանական մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Կարմիր գորգ, գեղեցկադեմ արտիստներ, շքեղ հագուստներ, բեմական շլացուցիչ էֆեկտներ։ Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում ճգնաժամեր են, պատերազմներ, լարվածություն։ Եվ քառասուն երկրների ներկայացուցիչներից շատերը Ավստրիայի մայրաքաղաք հասան հակամարտությունների, խաղաղության, սոցիալական թեմաների մասին երգերով։

Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող արյունալի հակամարտության գլխավոր դերակատարներից մեկը՝ Ռուսաստանը նախընտրում է եվրատեսիլյան բեմից խաղաղություն քարոզել։ Ռուսաստանցի երգչուհի Պոլինա Գագարինան կարծիք էր հայտնել, թե իր չափազանց զգացմունքային՝ խաղաղության մասին երգը բացասական արձագանք չի գտնի եվրոպական լսարանի մոտ՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա զարգացումները Ուկրաինայի շուրջ։ Երգչուհին հույս էր հայտնել, որ եվրոպացի հանդիսատեսն, այդուհանդերձ, կկենտրոնանա երաժշտական կատարման վրա։

Հունգարացի մասնակիցը նույնպես խաղաղության մասին է երգելու։ «Պատերազմներ ոչնչի համար»՝ այսպես է կոչվում երգչուհի Բոգգիի կատարումը։

Մրցույթի ֆավորիտներից է ֆինլանդական պանկ խումբը, որի անդամները սահմանափակ կարողություններով երաժիշտներ են։ Նրանք Դաունի համախտանիշ և աուտիզմ ունեն։ Երաժիշտները 85 վայրկյան տևողությամբ երգի ընթացքում կասեն այն, ինչ կցանկանան։

Ռումինիան կխոսի իր թիվ մեկ խնդրի՝ արտագաղթի մասին։ Եվրատեսիլյան կատարումը կպատմի ռումինացի երեխաների մասին, ովքեր երազում են վերամիավորվել աշխատանքի պատճառով արտագաղթած իրենց ծնողների հետ։

Միջազգային մամուլը նկատում է՝ Հայաստանը ներկայացնող խումբը թերևս ամենաքաղաքականացվածն է: Հայաստանը մրցույթի միջոցով կխնդրի Եվրոպային «չժխտել», որ Օսմանյան Թուրքիայում հազարավոր էթնիկ հայերի կոտորածը ցեղասպանություն է: Թեև «Առերեսվի՛ր ստվերին» երգը Թուրքիայի կամ այլ երկրների ժխտողականության մասին չէ, բայց և այնպես երգի տեսահոլովակում ենթատեքստը միանգամայն ակնհայտ է դառնում։

Անգլալեզու «Քուարցը» հիշեցնում է՝ սա առաջին անգամ չէ, որ Հայաստանը քաղաքականացնում է «Եվրատեսիլը». 2012 թվականին, երբ կազմակերպիչները որպես միջոցառումը հյուրընկալող քաղաք ընտրեցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Մինչ այդ էլ էր Հայաստանը աչքի ընկել քաղաքական սկանդալով՝ կրկին ղարաբաղյան հակամարտության պատճառով, կրկին Ադրբեջանի հետ։ Հայաստանի մասնակիցների այցեքարտերին պատկերված էր «Մենք ենք, մեր սարերը» արձանը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պահանջեց ջնջել այդ կադրերը։ Պահանջը կատարվեց, սակայն քվեարկության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն ձեռքին բռնել էր հենց այդ նույն արձանի նկարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG