Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Ռումինիայի հետ միավորվելու կոչերով:
Միջոցառման կազմակերպիչը՝ Action 2012 նախաձեռնող խումբը, հայտարարել է, որ մայիսի 16-ին տեղի ունեցած երթին 25,000 մարդ է մասնակցել: Մինչդեռ, ոստիկանության գնահատականներով երթին մասնակցել է 5,000 մարդ:
Ցուցարարները հայտարարում են, որ Եվրամիության անդամ Ռումինիայի հետ միավորումը Մոլդովայի սոցիալական խնդիրները լուծելու միակ հնարավորությունն է:
Մոլդովան և Ռումինիան ընդհանուր առմամբ սերտ հարաբերություններ ունեն: Հարցումների համաձայն, մոլդովացիների մինչև 20 տոկոսը կողմ է հարևան պետության հետ միավորմանը: