Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստանում 10-րդ անգամ կանցկացվի Թանգարանային գիշերը


Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը Հանրապետության հրապարակում:
Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը Հանրապետության հրապարակում:

Այս տարի միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի 121 թանգարաններից 111-ը՝ ներառյալ մարզային գրեթե բոլոր թանգարաններ:

Մայիսի 16-ին ժամը 18-ից մինչև կեսգիշեր այդ 111 թանգարանները մուտքն անվճար է լինելու: Բացի հատուկ այդ օրվա համար պատրաստած ցուցադրություններից, թանգարանները նաև տարատեսակ միջոցառումներ են ծրագրել՝ գրական, երաժշտական, թատերական նախաձեռնություններ, կինոցուցադրություններ, դասախոսություններ և այլն:

Թանգարանային գիշերը համաեվրոպական միջոցառում է․ այն նախաձեռնել են Գերմանիայի և Ֆրանսիայի թանգարանները: Հայաստանը միացել է 2005 թվականից՝ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

2005-ին Թանգարանային գիշերվան միացան հայաստանյան ընդամենը 25 թանգարան: Տարեցտարի ավելացավ ոչ միայն մասնակցող թանգարանների, այլև այցելուների թիվը:

«Մենք միացել ենք Ֆրանսիայի կոչին 2005 թվականից: Իրականում այդ վեճը մինչև հիմա գնում է․ գերմանացիներն են սկսել, բայց ֆրանսիացիները միջազգայնացրել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը: Նրա կարծիքով, Հայաստանում ակցիայի բուռն ընթացքը պայմանավորված է երկու գործոններով․ - «Մեկը, որ թանգարանները սիրեցին այս տոնը: Մյուսը, անշուշտ, որ Մշակույթի նախարարությունը սկսեց աջակցել և իր վրա վերցրել PR-ը: Առանց մեկը մյուսի մենք դժվար թե այսպիսի մեծ արդյունք ունենայինք»:

Վիճակագրությունը վկայում է, որ այցելուների թիվն այնքան է աճել, որ գրեթե հավասարվել է առանձին թանգարանների այցելուների տարեկան թվին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի Թանգարանային գիշերը կրում է «Թանգարաններ՝ հիշողության վկաներ» խորագիրը:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Թանգարաններից ամեն մեկը իր պրոֆիլը ունի, և ուրախալի է, որ միջոցառումները ձգտում են այդ պրոֆիլին համապատասխան անել: Մասնավորապես ես ուզում եմ անդրադարձ անել «Էրեբունի» թանգարանին: Բնականաբար մինչև կեսգեշեր բաց կլինի ցուցադրությունը: Այցելուները ցուցադրությունը կդիտեն դաշնամուրային կենդանի կատարմամբ դասական երաժշտության ուղեկցությամբ: Դրան զուհահեռ կունենանք դասախոսությունների շարք»:

Գյուրջյանը հավելեց, որ Թանգարանային գիշերը միակ օրն է տարվա ընթացքում, երբ արգելոց-թանգարանի այցելուներին թույլատրվում է ժամը 18-ից մինչև կեսգիշեր զբոսնել Էրեբունի ամրոցի միջնաբերդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG