Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարին Հայաստանը կփակի 1.5 տոկոս տնտեսական անկումով


ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարին Հայաստանը կփակի 1.5 տոկոս տնտեսական անկումով
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Ընդ որում, Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը միակն է, որ այս տարին կփակի տնտեսական անկումով:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) այսօր հրապարակած կանխատեսման համաձայն, 2015-ը Հայաստանը կփակի 1.5 տոկոս տնտեսական անկումով:

Ընդ որում, ՎԶԵԲ-ի գնահատմամբ, Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը միակն է, որ այս տարին կփակի տնտեսական անկումով․ Հարևան Վրաստանը 2015-ը կամփոփի 2.3 տոկոս աճով, Ադրբեջանը նույնպես աճ կունենա՝ 1.5 տոկոս:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իրատեսական համարեց այս կանխատեսումը․ - «Կլինի աճ, անկում 0-1 տոկոսի շրջանակներում: Չնայած պետք է նշեմ, որ ձեռքիս է Կենտրոնական բանկի գնաճի վերլուծությունը և տարեկան հաշվետվությունը, որտեղ գրված է 0.4 տոկոս, և սա համաձայնեցված է կառավարության հետ: Ստացվում է, որ կառավարությունը բյուջեն դրել է 4.1 տոկոս, և հանկարծ Կենտրոնական բանկը գրում է 0.4 տոկոս:

Տարվա սկզբին ՎԶԵԲ-ը Հայաստանի համար այս տարի անկում չէր կանխատեսել, անցած հինգ ամիսների ընթացքում, սակայն, վերանայեց ցուցանիշը:

Ավելի վաղ՝ Հայաստանի տնտեսությունում սպավող անկման մասին հայտարարել էր Արժույթի միջազգային հիմնադրամը: Անցած ամիս ներկայացրած World Economic Outlook-2015 զեկույցի համաձայն, Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը 2015 թվականը կփակի տնտեսության անկումով․ տնտեսությունը կկրճատվի 1 տոկոսով: Դեռ ավելին՝ հաջորդ տարի ևս տնտեսությունը չի աճի՝ կգրանցվի 0 տոկոս աճ։

Հայաստանի իշխանությունները, կարծես թե, այլ կարծիքի են․ ապրիլի կեսերին Ծաղկաձորում երիտասարդ հանրապետականների առջև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոստացավ այս տարին փակել տնտեսական աճով: Ընթացիկ տարվա պետբյուջեով կառավարությունը ծրագրել է ապահովել 4.1 տոկոս աճ, և այս ցուցանիշը մինչև օրս չի վերանայվել:

Բագրատյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված վարչապետերի ակումբի անդամ է, այսօր «Ազատությանը» ասաց, որ առաջ շարժվելու համար Հայաստանի տնտեսությունը հիմնարար բարեփոխումների կարիք ունի․ - «Տնտեսությունը բոլոր տեսակի փոփոխությունների կարիք ունի: Առաջինը տնտեսությունը կարիք ունի պարզելու ինքն իրեն՝ ինքը շուկայակա՞ն է, ինչակա՞ն է․․․ Շուկայական տնտեսություն չկա։ Օրինակ, բանկային համակարգը լրիվ պետական է: Չնայած տարբեր սեփականատերեր կան, բայց նրանք տալիս են վարկեր այն մարդկանց և այն տոկոսով, որով ասում է Կենտրոնական բանկը: Գները լրիվ նշանակովի են: Վերջին հաշվով, կառավարությունը փորձում է թելադրել գները: Որովհետև տնտեսությունը այնքան կենտրոնացված է, որ արդեն կարելի է այդպես կառավարել: Որովհետև քիչ են, հազարավոր արտադրողներ մենք այլևս չունենք»:

«Այժմ մնենք ունենք բելառուսական տնտեսական մոդել, որը շուկայի հետ կապ չունի»,- ընդգծեց Բագրատյանը: - «Ջանքեր, այո, թափվում են, բայց՝ ի՞նչ ուղղությամբ: Արդյո՞ք մենք դիվերսիֆիկացնում ենք տնտեսության կառուցվածքը սեփականատերերի առումով: Ոչ: Երկու օր հետո հերթական մոլը կբացեն: Խանութները կփակվեն էլի․․․ Մենք դա անվանում ենք ներդրում: Բայց երբ մի հատ մոլ է բացվում, հազար հատ խանութ փակվում է: Մի հատ բացելու վրա ծախսում են 100 միլիոն դոլար, 300 միլիոն դոլարի խանութ է փակվում»:

Բագրատյանը հիշեցրեց՝ ընդամենը երկու տարի առաջ նախագահը պահանջել էր տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ՝ հակառակ դեպքում խոստանալով պաշտոնանկ անել կառավարությանը․ - «Կառավարությունը նախատեսում է 4 տոկոս տնտեսական աճ: Մի րոպե պատկերացնենք, որ կառավարությանը կհաջողվի․ իհարկե, մեր հայրենիքն է, մենք կուզենայինք, որ 4 տոկոս աճեինք, 18 տոկոս․․․ Չնայած խոսք էին տվել 7 տոկոս, չէ՞: Պրեզիդենտական ընտրությունների ժամանակ, պառլամենտական ընտրությունների ժամանակ: Բայց եթե էներգետիկան 38 տոկոս տարիֆ է բարձրացնում, տնտեսական աճն էլ 4 տոկոսը, ուրեմն մեկը պիտի 34 տոկոս պակասի, չէ՞»:

XS
SM
MD
LG