Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները դեմ են համայնքների խոշորացման ծրագրին


Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները դեմ են համայնքների խոշորացման ծրագրին
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

Լոռու մարզի 6 համայնքները Թումանյան քաղաքին միավորելու դեպքում գյուղացիները մի շարք խնդիրների առաջ կկանգնեն: Մարցեցիներն, օրինակ, «Ազատության» հետ զրույցում մտահոգվում էին, թե ինչպես են յուրաքանչյուր տեղեկանքի համար Թումանյան հասնելու, այն դեպքում, երբ միջհամայնքային տրանսպորտ չունեն, ճանապարհները բարեկարգ չեն: Հազիվ օրվա հացի խնդիրը լուծող գյուղացիների համար լրացուցիչ ծախսեր են առաջանում:

«Մենք համաձայն չենք մի թղթի համար հասնենք Ձաղիձոր, էդ թուղթը պեչատեն վերցնենք: Մենք ստեղ գնում ենք մեր գյուղապետարան, դա վերցնում ենք» ,- ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղացիները վստահ են՝ կառավարության առաջարկած խոշորացման արդյունքում խնդիրները դժվար թե լուծվեն, փոխարենը՝ արտագաղթի նոր ալիք է բարձրանալու՝ «հոսքը գնալու է դեպի արտերկիր, մարդիկ մտածելու են կոպեկ հայթայթելու մասին»:

Սարգիս Մկրտչյանը Մարցի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն է, ասում է՝ աշխատանքը կորցնելու դեպքում, ամենայն հավանականությամբ, մեկնելու է արտագնա աշխատանքի կամ ընտանիքով հեռանալու է Հայաստանից․ - «Կգնամ Ռուսաստան ընտանիքով: Մի ձևի պիտի մեր ընտանիքը պաշտպանենք»:

Գյուղապետարանի մյուս աշխատակիցները ևս համայնքների միավորումից ոչ մի լավ բան չեն սպասում: Թվարկում են գյուղի խնդիրներն ու նշում, որ միավորման դեպքում անլուծելի խնդիրներ են առաջանալու:

Անցած շաբաթների ընթացքում համայնքների խոշորացումը հիմնավորելու համար կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպում են ունեցել գյուղապետերի հետ, վստահեցրել, որ միավորման դեպքում նոր աշխատատեղեր են բացվելու: Պաշտոնական այս հավաստիացումները, սակայն, մարցեցիները քմծիծաղով էին ընդունում:

Մեզ հետ զրույցում մարցեցիներից շատերն ասում էին, թե առաջիկա կիրակի կայանալիք տեղական հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկելու միավորմանը: Միավորումից դրական փոփոխությունների հույս ունեին հատուկենտ մարդիկ միայն, այդ թվում՝ գյուղապետը, ով, ըստ նախագծի, խոշորացումից հետո էլ կլինի գյուղի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG