Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին


Ընդդիմությունը չի մասնակցի հունիսի 7-ին Հանրապետության 20 քաղաքներում ու գյուղերում կայանալիք համայնքապետի ընտրություններին և չի աջակցի որևէ թեկնածուի, մինչդեռ իշխող Հանրապետականը թեկնածու ունի գրեթե բոլոր համայնքներում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն «Ազատության»-ն ասաց, որ չի սատարի անգամ Արտաշատում քաղաքապետի թեկնածու առաջադրված Արգամ Աբրահամյանին, ով վարչապետի որդին է, միաժամանակ՝ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անիմաստ է համարում ռեսուրս ծախսել տեղական ընտրությունների վրա։ Վերջին անգամ ՀԱԿ-ը մասնակցել է տեղական ընտրություններին ԲՀԿ-ի հետ համագործակցության ժամանակ, երբ իշխանափոխության հույս կար, ասում է Զուրաբյանը։

«Հաղթե՞լ, մոռացեք, դա անհնար է: Այսօր Հայաստանում տեղական ընտրությունները երբեք որևէ ընդդիմություն չի կարող հաղթել», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ տեղական ընտրություններով ոչ թե քաղաքական կամ պետական, այլ միայն անձնական հարցեր են լուծվում․ - «Ասենք, թե տեղական հզորներից ո՞ր մեկը ինչ-որ դիրք կստանա: Այսօր մենք չենք տեսնում թեկնածուներ, որոնք կարող են մարտահրավեր նետել իշխանությանը»:

Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ գործող իշխանությունների օգտին ձայներն ավելանում են։ Լևոն Զուրաբյանը սա անտրամաբանական է համարում․ - «2007 թվին հանրապետականները հազիվ կարողանում էին 33 տոկոս ստանալ, դրանից հետո՝ 40, ես կեղծված տոկոսի մասին եմ խոսում: Հետո՝ 52, վերջին տոկոսներին արդեն նրանք 60-65 ցուցանիշին են հասել: Միակ բացատրությունն այն է, որ ընտրական մեխանիզմները գնալով ոչնչացվում են և իսկապես Սերժ Սարգսյանը կարող է խփել ցանկացած տոկոս»:

«Ժառանգություն»-ը ևս պնդում է՝ տեղական ինքնակառավարման համակարգը ոչնչացված է, ամեն ինչ գտնվում է մարզպետների ձեռքում, և անգամ համայնքապետերի անկուսակցական թեկնածուներն ընտրվելուց հետո ստիպված են լինում Հանրապետական կուսակցության անդամ դառնալ։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ ընտրություններում իշխանական ռեսուրսների օգտագործման ու կեղծարարության պայմաններում ընդդիմությունն ի վիճակի չէ պայքարի մեջ մտնել:

«Գլխավորը արդեն դառնում է այն, թե իշխանությունը ում թեկնածությունն է պաշտպանելու, ընտրակեղծարարությունը ում համար է արվելու, ընտրակաշառք ում համար է բաժանելու, և այդ ամենի պատճառով է, որ հնարավոր չի լինում այլևս մասնակցել ՏԻՄ ընտրություններին», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Մատնանշելով առաջիկա ընտրություններին պաշտոնյաների մերձավորների մասնակցության փաստը՝ «Ժառանգության» փոխնախագահը համարում է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղղությամբ առաջընթացի փոխարեն շարժվում է դեպի ֆեոդալիզմ․ - «Եվ հիմա իրենք արդեն ժառանգաբար փորձում են փոխանցել ոչ միայն հարստությունը, այլ նաև պաշտոնը, որովհետև կարծես թե ոչ միայն մեզ է քաջ հայտնի, իրենց առավել ևս հայտնի է, որ այդ հարստությունը ձեռք է բերվել պաշտոնի հաշվին:

Հովիկ Աբրահամյանի որդին քաղաքական դաշտ մտնող առաջին պաշտոնյայի որդին չէ։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին ներկայումս Երևանի քաղաքապետն է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախագահը։ Պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին նշանակվել էԿադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, այսօր՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալը: Հանրապետական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդին նախարարության աշխատակազմ է ղեկավարում: Ավելի վաղ՝ հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին, նշանակվել էր առողջապահության փոխնախարար, թեև որոշ ժամանակ անց հրաժարական տվեց: Մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, ով Աբովյանի քաղաքապետն էր, նշանակվեց Կոտայքի մարզպետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG