Մատչելիության հղումներ

Չնայած օրենքի արգելքին Էրդողանը մասնակցում է իշխող կուսակցության քարոզարշավին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Կիրակի օրը նրա ելույթի պատճառով Քարլսրու արդյունաբերական քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել նրա կողմնակիցների և հակառակորդների միջև։

Այլ երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքը չի խախտվում. իրենց բնակավայրերում նրանք քվեարկում, մասնակցում են Թուրքիայում անցկացվող ընտրություններին, ուստի Թուրքիայի պետական, քաղաքական գործիչները նախընտրական հանդիպումներ են անցկացնում նաև դրսում։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Էրդողանը, նախընտրական առաջին այցելությունը Գերմանի է կատարել՝ Թուրքիայի քաղաքացիներին կոչ անելով ձայն տալ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Կիրակի օրը նրա ելույթի պատճառով Քարլսրուե արդյունաբերական քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել նրա կողմնակիցների և հակառակորդների միջև։ Էրդողանը իր ելույթում սկսել է քննադատել Քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, որը մեծ աջակցություն է վայելում Գերմանիայում բնակվող Էթնիկ քրդերի կողմից։

էրդողանը Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել՝ չհավատալ Ժողովրդա-դեմոկրատներին, ասելով, թե նրանց սերը կեղծ է։ «Նրանք, ովքեր մարդ են սպանում, չեն կարող սիրել», - գույներն ավելի է խտացրել Էրդողանը՝ Ժողովրդա-դեմոկրատներին անուղղակիորեն շաղկապելով Քրդական բանվորական կուսակցության հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմավորում է համարվում։

«Մենք պետք է մնանք ձեռք-ձեռքի տված, մենք պետք է կանգնենք ուս-ուսի տված, մենք չպետք է մոռանանք, որ մենք մի ժողովուրդ ենք, մի դրոշ, մի պետություն, և մենք կշարունակենք այս ուղիով գնալ։ Արդյո՞ք նրանք կարող են ասել՝ մի՛ ժողովուրդ, մի՛ դրոշ, մի՛ պետություն։ Ովքեր սա չեն կարողանում ասել, նրանց պատասխանը հունիսի 7-ին պետք է տան Եվրոպայում ապրող իմ եղբայրներն ու քույրերը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքերը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության աջակիցներին դուր չի եկել, և հարյուրավոր քրդեր սկսել են քրդամետ կուսակցությանը պաշտպանող կարգախոսներ բացականչել։ Նրանց և Էրդողանի կողմնակիցների միջև ծեծկռտուք է սկսվել. YouTube-ում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս, թե խմբերն ինչպես են ոտքերով, ձեռքերով, դրոշներով հարձակվում, հարվածում միմյանց։ Գերմանիայի ոստիկանությունը միջամտել է, բաժանել հակառակորդ խմբերին։

Թուրքիայից դուրս ամբողջ աշխարհում 6.5 միլիոն Թուրքիայի քաղաքացի է ապրում, որոնցից 1.5 միլիոնը միայն Գերմանիայում։ Թուրքիայի ընտրությունների համար սա լուրջ թիվ է։

Էրդողանը Գերմանիայից մեկնել է Բելգիա՝ հանդիպելու այնտեղ բնակվող թուրք ընտրողներին։ Իսկ երկրի ներսում ընդդիմությունը մեղադրում է Էրդողանին՝ պնդելով, որ նա անտեսում է Սահմանադրությունը։ Ըստ Սահմանադրության, երկրի նախագահը ընտրություններին պետք է անկողմնակալ լինի, սակայն նա մասնակցում է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության քարոզարշավին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG