Մատչելիության հղումներ

Սեդա Մելքոնյան․ «Ազատամարտիկները չպետք է պահանջեն, որ իրենց հարգեն»


Սեդա Մելքոնյան․ «Ազատամարտիկները չպետք է պահանջեն, որ իրենց հարգեն»
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00

Մոնթեի երազանքն էր տեսնել Հայաստանը առանց կաշառակերության, ասում է Ազգային հերոսի կինը:

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կնոջը՝ այժմ արդեն ամերիկաբնակ Սեդա Մելքոնյանին, Մոնթեի զինակից ընկերները սովոր էին ռազմի դաշտում տեսնել: Սակայն 1992 թվականի մայիսի 9-ին Սեդան տանն էր, երբ երեկոյան հեռախոսազանգով Մոնթեի ընկերներից մեկը տեղեկացրել է, որ Շուշիում պայքարն ավարտվել է հաղթանակով:

Սեդան հիշում է, թե Մոնթեն որքան էր վշտացել այդ գործողությանը չմասնակցելու համար՝ հարկավոր էր մյուս ճակատում դիմագրավել հակառակորդի ենթադրվող հարձակմանը:

«Մոնթեն հիասթափված էր շատ, որ ինքը չկարողացավ մասնակցել այդ գրավմանը, այդ ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանը ասեց, որ հնարավոր է՝ հակահարձակում լինի, և խորհուրդ տվեց, որ Մոնթեն մնար Մարտունիում՝ հակահարձակման պարագայում որպեսզի պատրաստ լինեին տղաները: Բայց իր ջոկատի տղաներից մի քանիսը մասնակցեցին Շուշիի ազատագրմանը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Սեդա Մելքոնյանը:

Ամուսնու մահից 22 տարի անց Սեդան հիշում է Մոնթեի առաջին սիրո խոստովանությունը: 83 թվականն էր, երբ ԱՍԱԼԱ-ն բաժանվեց, սեր խոստովանեց հեռախոսով, որովհետև վստահ էր, որ սպանվելու է, պատմեց Սեդան ու վերհիշեց նաև առաջին համբույրը՝ մարդաշատ վայրում․ - «Մի անգամ դպրոցական պտույտ ունեինք, հիշում եմ, ու այս տղան եկավ, ես ձեռքս մեկնեցի՝ «օ, բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», ու ինքը մի հատ շատ փոքրիկ ինձ համբուրեց շրթունքներիս վրա, ես, չգիտեմ, երևի կարմրեցի, ամբողջ գյուղը այնտեղ էր, այսպես ասած, իմ դասընկերները, ու անմիջապես արդարացա, ասեցի՝ «դե Ամերիկայում այդպես են բարևում»: Երևի այդ ժամանակ արդեն 16 պիտի լինեի, իսկ ինքը՝ 21: Հետո ինձ ասեց, որ «մազերդ այդպես փայլում էին, ու աչքերդ մեծ-մեծ, որ էլ չդիմացա»: Բայց էլի սեր չխոստովանեց»:

Ազգային հերոսի կինը թեև այժմ ամուսնու և որդու հետ բնակվում է Միացյալ Նահանգներում, բայց ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մտահոգված էր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմամբ: Վրդովվում է՝ ազատամարտիկները չպետք է պահանջեն, որ իրենց հարգեն, նրանք պիտի պարզապես հարգված ու գնահատված լինեն:

«Այդ ազատամարտիկը որ այդքան զոհողությունների գնով մեզ պաշտպանել է, հո ինքը չի պահանջելու, որ իրեն էլ հիմա լավ վերաբերվեն: Դուք ի՞նչ եք անում: Չէ որ այս մարդիկ են մեզ պահել, և մենք պիտի պահանջենք, որպեսզի այդ տղաները գնահատվեն», - ասաց Սեդան՝ շարունակելով․ - «Ի՞նչ վտանգ պիտի ներկայացնի Ժիրայր Սեֆիլյանը իր ազատ խոսելով, իր հայրենասիրական, հայրենասիրության ի՛ր կողմը դրսևորելով կամ խոսելով այն, ինչին ինքը հավատում է: Եվ ամեն մարդ պետք է իրավունք ունենա ասելու, թե ինքը ինչին է հավատում: Եվ այդ անհանդուրժողությունը ինձ համար անընդունելի բան է»:

Հայրենիք կառուցել հնարավոր չէ հարկեր չվճարելով ու մեկի շահերը մյուսից բարձր դասելով, ասաց Սեդան ու շեշտեց՝ Մոնթեն անկաշառ Հայաստան էր ուզում:

«Ես այսպես եմ հասկանում՝ եթե մենք ուզում ենք հայրենիք կառուցել, նշանակում է՝ պիտի կառուցենք, և այդ հայրենիք կառուցելը չի լինում հարկերը չվճարելով: Հայրենիք ե՞ք ուզում կառուցել՝ բոլորս միասին, բա էդքան ագահ լինել չի կարելի: Եվ ես այդպիսի Հայաստան եմ ուզում», - հայտարարեց Ազգային հերոսի կինը:

Հարցին՝ կաշառակերություն կա՞ Հայաստանում, Սեդան արձագանքեց․ - «Կարծում եմ՝ կա: Որոշ դրական փոփոխություններ կան, բայց այն, որ ամեն մի քայլափոխի ժողովրդի հետ խոսում ես, ու ժողովուրդը չարչարված է զգում, դա մի բան ասում է չէ՞ կառավարության մասին»:

«Ազատության» հարցին՝ եթե Մոնթեն կենդանի լիներ, արդյոք այսօր ղեկավար պաշտոնում կլինե՞ր, Սեդան պատասխանեց․ - «Ինքը պայքարողներից կլիներ, և եթե ղեկավար էլ լիներ, այնպիսի ղեկավար կլիներ, որ ամեն ինչ բարվոք լիներ ժողովրդի համար: Շատ դժվար կլիներ Մոնթեի համար: Ինձ երբ այս հարցը տալիս են, ես դժբախտաբար պատասխանում եմ, որ Մոնթեին սպանած կլինեին: Որովհետև Մոնթեն չափազանց սկզբունքային, շատ անկաշառ, և եթե մի բանի հավատում է՝ ինքը ամեն գնով դրան պիտի գնար, այդ տեսակ մարդ էր»:

«Մոնթեի երազանքն էր տեսնել Հայաստանը առանց կաշառակերության, և նա այնպիսի մարդ էր, որ ձեռնածալ չէր նստելու», - ասաց Սեդա Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG