Մատչելիության հղումներ

Հաղթանակի տոնը նշեցին Երևանի Հաղթանակի զբոսայգում


Հաղթանակի տոնը նշեցին Երևանի Հաղթանակի զբոսայգում
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

«Ինչ կարող եք՝ հիմա արեք վետերանների համար, որովհետև վաղը-մյուս օրը արդեն ուշ կլինի, մենք չենք լինի», - պետության ղեկավարներին հորդորում է 92-ամյա վետերանը:

Շքերթով, ծաղիկներով, դրոշերով և տոնական երգերով այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում նշեցին Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի դեմ դաշնակից պետությունների հաղթանակի 70-ամյակը:

Շուրջ 60 միլիոն մարդու կյանք խլած այս պատերազմում 200 հազար հայ զոհվեց: Այսօր հարյուրավոր մարդիկ նրանց հիշատակը հարգելու էին եկել, այդ թվում՝ պետական և քաղաքական գործիչներ, պատերազմում հաղթած վետերաններ իրենց ծոռների հետ, որոնք պարզապես վայր չէին իջնում զբոսայգու տանկերից և ռազմական օդանավերից:

Հաղթանակի զբոսայգում էին նաև Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկները, որոնցից ոմանք մասնակցել են 1992 թվականի մայիսի 8-9-ի Շուշիի ռազմական գործողություններին: Տասնամյակների տարբերությամբ երկու պատերազմներում հաղթած վետերանները բարձրաստիճան պաշտոնյաների հետ արդեն ավանդույթ դարձած վրանային ճաշին մասնակցեցին:

«Ամեն տարի այս օրը պետությունը հիշում է ձեզ, կանչում է նման միջոցառումների, իսկ մնացած օրերին առհասարակ ինչպե՞ս է այսօր ազատամարտիկի կյանքը», - «Ազատության» այս հարցին ազատամարտիկներից մեկը արձագանքեց․ - «Ամեն դեպքում, էն բավարարվածությունը, որ կա՝ հող ենք ազատագրել, դա մեզ հերիք է»:

Այսօր միասին հաց էին ուտում, բաժակ բարձրացնում, օրեր առաջ վարչապետը ընդունեց, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 25 հազար դրամով բարձրացրեց պատվովճարները, 50 վետերանի էլ խոստացան առողջարանային ուղեգրեր տալ:

92-ամյա վետերան Արտյուշ Մկրտչյանը, սակայն, թերահավատ է, թե ինքն այդ 50-ի մեջ կմտնի: Նա վստահ է՝ մայիսյան տոներից հետո պաշտոնյաները էլի մեկ տարով կմոռանան իրենց գոյության մասին:

«Արդեն մեզ մոռացան, ու մինչև էսօր էլ մոռացված ենք մենք: Ես մինչև անգամ Սերժի հետ ղալմաղալ եմ արել, որ դուք եղած-չեղած ընդամենը 40-50 կիլոմետրի վրա եք կռվել, իսկ ես ոտքի վրա գնացել եմ 6-7 հազար կիլոմետր: Մարդ ու կնկա թոշակ ենք ստանում, 35 կինս է ստանում, 59 հազար ես եմ ստանում, գումարած երկու հատ ոչխար․ պարտավորյալ ապրում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ շարունակելով․ - «Քաղաքապետն էլ մերժեց, Սերժ Սարգսյանն էլ մերժեց, ջղայնացա, թողեցի, ասեցի՝ ինչ առնում ենք դրանով էլ ապրենք՝ ավելի լավ է»:

Հայրենական մեծ պատերազմի մասնակից 92-ամյա Պետրոս Պետրոսյանը հասկանում է՝ պետությունը տնտեսական լավ վիճակում չէ, սակայն իրենց էլ ապրելու համար քիչ ժամանակ է մնացել՝ գոնե արժանավայել ապրեն:

«Վերջին տարիներն են, թող մի քիչ լավ ապրեմ, լավ լինի, ինչ է եղել: Ես մի ասացվածք ունեմ, երբ մեր ղեկավարությանը հանդիպում եմ, ասում եմ՝ «ինչ որ կարող եք՝ հիմա արեք վետերանների համար, որովհետև վաղը-մյուս օրը արդեն ուշ կլինի, մենք չենք լինի», - ասաց Պետրոսյանը՝ հավելելով․ - «Հինգ տարուց հետո որպեսզի մի վետերան գտնեք, պետք է գնաք ճրագով ման գաք գտնեք մի վետերան, բերեք, ասեք՝ «հարգելի երեխաներ, հարգելի ընկերներ, ահավասիկ սա Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Մի խոսքով՝ վերաբերմունքը պետք է ավելի լավ լինի»:

Պատերազմում դժվարությունների և զրկանքների միջով անցած այս մարդկանցից շատերին հպարտությո՛ւնը թույլ չի տալիս տրտնջալ ու բողոքել սոցիալական վատ վիճակից: Խոսելիս էլ հիմնականում ոչ թե սեփական բարօրության, այլ անկողնային հիվանդ ընկերների մասին էին մտահոգվում:

«Չենք բողոքում, մենք ծանր օրեր շատ ենք քաշել, և այս դժվար օրերը ևս մենք կարող ենք հաղթահարել: Բայց, իհարկե, 300 հազարից մնացել ենք 1091 վետերան, որից 60 տոկոսը անկողնային է՝ չեն կարող քայլել, հիվանդ են, պետք է նրանց մի քիչ ավելի լավ [վերաբերվել]»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG